22/02/2023 09:49
Հայաստանի ու Արցախի միջև հնարավոր ադրբեջանական անցակետի տեղակայումը Արցախի հարցի վախճանը կդառնա. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի դիտարկմամբ`Մյունխենում տեղի ունեցած հանդիպում-քննարկումների վտանգավոր դրվագներից մեկը վերաբերում է «Լաչինի միջանցքի» վերաբերյալ Ադրբեջանի նախագահի հայտարարությանը:
«Ալիևը պարզ վերահաստատում է իր այն մոտեցումը, որ Հայաստանն Արցախին կապող երթուղին և Սյունիքով դեպի Նախիջևան ճանապարհը պետք է գործեն միևնույն ռեժիմում` հավելելով, որ այդ հատվածներում պետք է անցակետեր տեղակայվեն:
Առավել պարզ ասած, Ալիևն ասում է, որ եթե ՀՀ-ն դեմ է Սյունիքով միջանցքի տրամադրմանը, ապա Հայաստանն Արցախին կապող երթուղին պետք է զրկվի միջանցքի կարգավիճակից, իսկ դա նշանակում է, որ ՀՀ-ից Արցախ մուտք գործելիս պետք է անցնել ադրբեջանական անցակետերով` անվտանգային, մաքսային և այլ ընթացակարգերի ներառմամբ:
Չի բացառվում, որ ի սկզբանե Ադրբեջանը միջանցքի թեման առաջնային օրակարգ էր մղել որպես «փոխզիջում» օգտագործելու և իր գլխավոր նպատակներից մեկին հասնելու` ՀՀ-ն Արցախին կապող ճանապարհին անցակետ տեղակայելու համար:
ՀՀ-ի ու Արցախի միջև հնարավոր ադրբեջանական անցակետի տեղակայումը Արցախի հարցի վախճանը կդառնա», - Facebook-ում գրել է Աբրահամյանը: