22/02/2023 18:30
Արցախյան շարժման 35-ամյակը չպետք է դառնա տարելից, պետք է մնա տարեդարձ. Արմեն Աշոտյան (Տեսանյութ)
Արցախահայությունը շատ ուժեղ է, բայց մեր հայրենակիցները սուպերմեններ չեն, ցանկացած ուժ ունի սահման, չափ։ Չի կարելի ազգովի ձեռքերը լվանալ, նստել տաքուկ Երևանում, Ռոստովում, Սիդնեյում և արցախահայությանը դիմանալու կոչեր անել, Aysor.am-ի «Հարցեր կան» հաղորդմանն ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ ընդգծելով՝ որքան էլ, որ մեր հայրենակիցներն ուժեղ են, եթե գայլերը շրջապատում են, ոչ մի արջ չի դիմանա։
Արմեն Աշոտյանի գնահատմամբ, արցախահայության առաքելությունը դժվարին ժամանակներում Արցախյան շարժման պայքարի գաղափարները, նպատակները կենդանի պահելն է, մինչև որ նիրհի մեջ գտնվող մեր հայրենակիցները կարթնանան, մինչև կհաջողի ազատվել պետականադավ իշխանությունից։
«Արցախահայության պայքարը լինելու է Երևանի, Հայաստանից դուրս հայության համար հիմնական շարժիչ ուժ, պայքարին կայծ տվող, իհարկե, դեռ կպչանի խնդիր ունենք։ Արցախյան շարժման 35 ամյակը չպետք է դառնա տարելից, պետք է մնա տարեդարձ, Արցախ 35 սևի վրա չպետք է լինի, պետք է լինի Արցախ 35՝ ոսկե տառերով՝ կարմիր վրա», - նշեց նա։
Ըստ ՀՀԿ փոխնախագահի՝ իրենց թիմը պատրաստ է մինչև վերջ գնալու՝ ընդգծում է՝ վճռականության պակաս չկա, բայց հասկանալ է պետք՝ ընդդիմությանը մեկ շանս է մնացել, այդ շանսը մսխելն անպատասխանատվություն է, պետականամետ չէ։