22/02/2023 15:07
Մյունխենում ստացել ենք ադրբեջանական կողմի պատրաստակամությունը, որ Բաքվի և Ստեփանակերտի միջև միջազգայնորեն տեսանելի երկխոսությունը պետք է տեղի ունենա. Միրզոյան
Ի սկզբանե, երբ նախաձեռնում էինք խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներն Ադրբեջանի հետ, եղավ պայմանավորվածություն՝ այդ բանակցությունները վարել երկու հիմնական ուղղություններով. մեկը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ, մյուսը՝ հարթակ, որտեղ պետք է քննարկվեն ԼՂ-ում ապրող հայության իրավունքները և անվտանգությունը, ԱԳՆ-ում Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության ԱԳ նախարար Ժան Ասելբորնի հետ մամուլի ասուլիսին հայտարարեց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Տևական ժամանակ մենք տեսնում էինք, որ Ադրբեջանը խուսանավում է այս խոսակցության մեջ ներգրավվելուց և Մյունխենում մենք ստացել ենք ադրբեջանական կողմի պատրաստակամությունն այն մասին, որ Բաքվի և Ստեփանակերտի միջև միջազգայնորեն տեսանելի երկխոսությունը պետք է տեղի ունենա։
Մյուս կողմից՝ վերջին տարիների ընթացքում մենք շարունակաբար տեսել ենք պայմանավորվածություններ, տրվում են հավաստիացումներ, հետո տեսնում ենք նահանջ՝ ընդհուպ ստորագրված պայմանավորվածություններից։ Հուսամ՝ կրկին այդպես չի լինի և նույն վարքագիծը չենք տեսնի», - ասաց Միրզոյանը։