22/02/2023 14:12
Եթե ԲԴԽ-ն համարի, որ ես չպետք է մնամ դատավոր, գտնում եմ՝ դա լավ գին է, որն առաջարկվում է իմ աթոռի համար. դատավոր Նախշքարյան (Տեսանյութ)
Բարձրագույն դատական խորհուրդը շարունակում է քննել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին Արդարադատության նախարարության միջնորդությունը:
Այսօրվա նիստին ելույթով հանդես եկավ դատավոր Նախշքարյանը: Ասաց` կասկածներ ուներ`արդյոք իմաստ ունի իր ելույթն ու, առհասարակ, իր մասնակցությունը կարգապահական այս վարույթին:
«Ես բաց աչքերով եմ նայում այս իրականությանը: Երկու դրվագով Արդարադատության նախարարն իրեն շփոթել է դատական իշխանության հետ, բայց ես չեմ շփոթում, ինձ համար կարող է քննադատելի լինել գործադիր իշխանության անգործությունը որպես դատական իշխանության դատավոր, որպես այդ խնդիրներին առնչվող դատավոր», - ասաց նա:
Նախշքարյանը հայտարարեց, թե որպես դատավոր 10 տարվա ողջ գործունեության ընթացքում արել է ամեն բան, որպեսզի փորձի ավելի բարենպաստ պայմաններ ստեղծել ողջամիտ ժամկետներում գործի քննության, արդար դատարանի ձևավորման, հեղինակության բարձրացման ուղղությամբ:
«Իսկապես զավեշտ է, որ ես կանգնած եմ այստեղ, բայց ամեն ինչն ունի իր դրական կողմերը: Մարտի 5-ին կլրանա դատավոր լինելու իմ տասը տարին: Միշտ ընկճված եմ եղել, որովհետև համարել եմ, որ ես գնահատված չեմ որպես դատավոր, որպես իրավաբան, ես ինձ բավարարված չեմ զգացել, որ այս շղարշը, որը հետևում է դատական իշխանությանը, հետևում է նաև ինձ ու կարծել եմ, որ իմ ջանքերը չեն գնահատվում, բայց պարոն Մինասյանը (նկատի ունի Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին-հեղ.) այս միջնորդությամբ իմ ողջ պատկերացումները հերքեց, ես շատ շնորհակալ եմ նրան, որ ինքը համարել է հնարավոր ինձ ԲԴԽ-ի առջև կանգնեցնել այս ծիծաղելի մեղադրանքներով: Ինձ մեղադրել նրա մեջ, որ ես փորձել եմ հեղինակազրկել դատական իշխանությունը, ուղղակի զավեշտ է, սա նշանակում է, որ ես եղել եմ արդար դատավոր, որ ես փորձել եմ ժամկետներ չխախտել, սա նշանակում է, որ մինչ այդ տված իմ բոլոր հարցազրույցները, բոլոր ելույթները արդար են եղել ու ազնիվ», - ասաց Զարուհի Նախշքարյանը:
Նա նշեց, թե շատ ուրախ է, որ պարզ ճակատով է կանգնած ԲԴԽ-ի առջև:
«Եթե խորհուրդը համարի, որ ես չպետք է մնամ դատավոր, ես գտնում եմ, որ դա լավ գին է, որն առաջարկվում է իմ աթոռի համար: Խնդիր չեմ տեսնում, անհանգստություն չեմ ապրում», - ընդգծեց դատավոր Նախշքարյանը ապա, դիմելով ԲԴԽ անդամներին՝ ասաց՝ «դժվար որոշման առաջ եք կանգնած»:
«Այս վարույթը խոսքի ազատության մասին է, չլուծած խնդիրների քննարկման մասին է ու, ի վերջո, այդ խնդիրների լուծման մասին է: Եթե իմ լիազորությունների դադարեցումը կծառայի այն նպատակին, որ այս հարցը կլուծվի ու դատավորներին չեն զոհաբերի կարգապահական վարույթների միջոցով, ես ինձ շատ երջանիկ ու բավարարված կզգամ: Մի մոռացեք, որ ձեր որոշումից է կախված շառավղի էֆեկտը», - հայտարարեց Նախշքարյանը:
Հիշեցնենք՝ Արդարադատության նախարարությունը դիմել է Բարձրագույն դատական խորհրդին՝ դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հերթական միջնորդությամբ:
Միջնորդության փաստական հիմքը դատավորի հրապարակային խոսքն է, որով նա «իր դրական վերաբերմունքն է արտահայտել դատավոր Աննա Փիլոսյանի առնչությամբ» և, ըստ արդարադատության նախարարի, հրապարակայնորեն կասկածի տակ է առել դատավոր Ա.Փիլոսյանի վերաբերյալ ԲԴԽ դատական ակտը։