22/02/2023 09:43
«Ժողովուրդ».Առաջնագծի համար գումար չկա, բայց իշխանական պատգամավորների օգնականների պարգևավճարների համար կա
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների օգնականները հասան իրենց երկրորդ նպատակին ևս։ Մասնավորապես՝ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ օգնականներին տրվել է աշխատավարձի 15 տոկոսի չափով պարգևավճար աշխատակազմի նոր ղեկավար֊քարտուղար Դավիթ Առաքելյանի կողմից։
Հիշեցնենք , որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի և քարտուղար Արթուր Հովհաննիսյանի օգնականները մի խումբ այլ ՔՊ պատգամավորների օգնականների հետ պարգևավճար են պահանջել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից և աշխատակազմի արդեն նախկին ղեկավար Վահան Նարիբեկյանից: Նրանք պահանջում էին պարգևավճար տալ իշխող խմբակցության պատգամավորների օգնականներին, սակայն օրենքով պարգևավճար ԱԺ-ում հասանելի է միայն պետծառայողներին, որոնք պրոֆեսիոնալներ են:
Ողջ մեղքը բարդվեց աշխատակազմի նախկին ղեկավարի վրա: ՔՊ դռնփակ նիստից հետո նա հեռացվեց պաշտոնից, սակայն փաստացի օգնականների երկրորդ պահանջը ևս կատարվեց, և նրանք նաև ստացան պարգևավճարները։
Ստացվում է՝ գումար չկա առաջնագծում կահավորանք և կեցավայր կառուցելու համար, բայց իշխանական պատգամավորների օգնականների համար պարգևավճարների գումար կա»։