23/02/2023 10:50
ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի ղեկավարությամբ անցկացվել են համատեղ շտաբային մարզումներ
Փետրվարի 20-ից 22-ը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի ղեկավարությամբ անցկացվել են համատեղ շտաբային մարզումներ՝ «ՀՀ զինված ուժերի ռազմական կառավարման մարմինների աշխատանքը ԶՈՒ պաշտպանողական օպերացիայի նախապատրաստման ընթացքում՝ օպերացիայի պլանավորման փուլում» թեմայով:
Համատեղ շտաբային մարզումների շրջանակներում անցկացվել է օպերատիվ դաշտային երթ, որի նպատակն էր՝ ճշգրտել օպերատիվ ուղղությունում զորքերին առաջադրված խնդիրներն ու ընդունել որոշումներ, ինչպես նաև գործող ուժերի և միջոցների փոխհամագործակցության հիմնական հարցերը:
Սահմանվել են կառուցվածքային ստորաբաժանումների և ապահովման զորամասերի պլանավորված և մարտական հաշվարկներով սահմանված գործողությունների հաջորդականությունը, ստուգվել են պաշտոնատար անձանց գործողությունները զինված ուժերի կիրառման պլանի և զորքերի խնդիրների ճշգրտման ընթացքում, կատարելագործվել են հրամանատարական կազմի կարողությունները։
Մարզումների ընթացքում ուսումնասիրվել է օպերատիվ առաջադրանքը, գնահատվել է ստեղծված իրադրությունը, մշակվել է զորքերի կառավարման անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի ձևայնացումը: