23/02/2023 18:12
Չգիտեմ՝ ինչ կշահենք Ռուբեն Վարդանյանին Արցախի պետնախարարի պաշտոնից ազատելով, բայց որ ուշացումով կհամոզվենք այդ որոշման անարդյունավետության մեջ, չեմ կասկածում․ Սենոր Հասրաթյան
Արցախի ՊԲ գնդապետ, Արցախի զինված ուժերի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ Սենոր Հասրաթյանն անդրադարձել է Արցախի պետնախարարի պաշտոնից Ռուբեն Վարդանյանի ազատվելու փաստին։
«Չգիտեմ՝ ինչ կշահենք Ռուբեն Վարդանյանին Արցախի Հանրապետության պետնախարարի պաշտոնից ազատելով, բայց որ ժամանակ հետո (ինչպես միշտ՝ ուշացումով) կհամոզվենք այդ որոշման անարդյունավետության մեջ, դրանում, գրեթե, չեմ կասկածում...
Ի տարբերություն մեր թշնամու, մենք չկարողացանք հասկանալ նրա քայլերի հաջորդականությունն ու նպատակի հեռահարությունը....
Նա մեկի համար ռուսական դրածո էր, երկրորդի համար անգլիական գործակալ, երրորդի համար՝ ոսկու հանքի փայատեր, չորրորդի համար, պարզապես, փողի շտեմարան, հինգերորդի համար՝ Արցախից մնացած մի բուռ կենսատարածքում հրաշքով դրախտ ստեղծող և այդպես շարունակ...
Այնինչ մարդուն, առավել ևս, աշխարհաճանաչ մարդուն հասկանալու համար ժամանակ էր պետք... Բայց մենք ոչ թե չհասցրինք նրան հասկանալ, այլ պարզապես, չուզեցինք... Փոխարենը ուրիշները հասկացան և մեզ ուղղորդեցին անել այն, ինչը չպիտի անեինք...
Հ.Գ. Ռուբեն Վարդանյանի շուրջ 100-օրյա պաշտոնավարման իմաստն ու ձեռքբերումը (գոնե, մտածող արցախցու համար) թերևս, այն է, որ, անկախ ընթացիկ և հետագա դրական ու բացասական զարգացումներից, նա այլևս դարձել է մեզնից մեկը ...»,- սոցցանցի իր էջում գրել է Սենոր Հասրաթյանը։