23/02/2023 10:35
«Ժողովուրդ». ԱԺ-ն տարածած հայտարարությամբ փորձել է հերքել անհերքելին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների օգնականները կարողացել են հասնել իրենց երկրորդ նպատակին: Մանրամասնել էինք, որ ԱԺ աշխատակազմի ղեկավար-քարտուղար Դավիթ Առաքելյանը որոշում է կայացրել պատգամավորների օգնականներին պարգևատրել աշխատավարձի 15 տոկոսի չափով:
Եվ, ահա, մեր այս հրապարակումից հետո Ազգային ժողովի լրատվության վարչությունը պաշտոնական հաղորդագրությամբ և սոցիալական ցանցի իրենց էջում շտապեց հայտարարություն տարածել՝ փորձելով հերքել անհերքելին: Սկզբում դրեցին տեքստ, ինչից պարզ չէր՝ ինչ են ուզում. ««Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումն իրականությանը չի համապատասխանում»: Ու պարզ չէր՝ ըստ ԱԺ-ի՝ ի վերջո, հրապարակումն իրականությանը համապատասխանում է, թե չի համապատասխանում:
Իսկ ի՞նչն են հերքում. եթե կարճ, ապա՝ անհերքելին: Գրել են, թե պատգամավորների օգնականները պարգևավճար չեն ստացել, և մեր լուրը չի համապատասխանում իրականությանը, ապա երկու նախադասություն անց արդարացել, թե ԱԺ աշխատակազմը, այդ թվում՝ բոլոր պատգամավորների օգնականները, յուրաքանչյուր ամիս, աշխատավարձից բացի, ստանում են նաև պարգևավճար՝ աշխատավարձի 15 տոկոսի չափով:
Այսինքն՝ հերքման տեքստում ԱԺ-ն հաստատել է այն, ինչ հրապարակել էր «Ժողովուրդ» օրաթերթը. օգնականները 15% պարգևավճար են ստացել: Թե ինչ էր շտապում վաղ առավոտյան այդպես փութաջանորեն հերքել Ազգային ժողովը՝ մնաց անհասկանալի»։