23/02/2023 13:59
Կառավարությունը փոխհատուցում է Հայաստանում գտնվող արցախցիների կացության ծախսերը
Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ՀՀ-ում գտնվող Լեռնային Ղարաբաղի շուրջ 340 քաղաքացիների կացությունն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է որոշում։
Հիմնավորման համաձայն՝ 2022 թ. դեկտեմբերի 12-ից սկսած Լեռնային Ղարաբաղի մի շարք քաղաքացիներ դիմել են Հայաստանում Լեռնային Ղարաբաղի օպերատիվ շտաբ և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության գրասենյականեր Լաչինի միջանցքի փակ լինելու հետևանքով կացություն չունենալու խնդրով։
Վերջիններս քաղաքացիներին տեղավորել են տարբեր հյուրանոցներում։ Կառավարության համապատասխան որոշումներով արդեն հատկացվել է 114 850.9 հազ. դրամ և 98 490.5 հազ. դրամ:
Այսօրվա որոշմամբ նախատեսվում է փոխհատուցել հունվարի 26-ից մինչև փետրվարի 19-ը ներառյալ հյուրանոցների կողմից կատարած ծախսերը, ինչպես նաև քաղաքացիների տեղափոխման ծախսերը։
Հյուրանոցներին վճարման ենթակա գումարը փետրվարի 19-ի դրությամբ կազմում է 91 080 500 ՀՀ դրամ, իսկ տեղափոխման ծախսերը՝ 6 380 000 ՀՀ դրամ: