23/02/2023 14:16
Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար կստեղծվեն հիփոթեքային վարկով անշարժ գույք ձեռք բերելու կամ կառուցելու ավելի բարենպաստ պայմաններ
Կառավարությունը փոփոխություններ է կատարել Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրում:
Ըստ հիմնավորման՝ աջակցություն է տրամադրվում ՀՀ-ում կամ Լեռնային Ղարաբաղում հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերող, անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստացող՝ ծրագրի պայմաններին բավարարող շահառուներին և ուղղվում է բացառապես հիփոթեքային վարկի ամենամսյա վճարների (մայր գումարի և տոկոսագումարի) մարմանը։
Ծրագրի շրջանակում 30.12.2022թ. դրությամբ հավաստագիր է ստացել 3293 շահառու, որից շուրջ 120 շահառուների հիփոթեքային վարկավորման գործընթացն ավարտվել կամ գտնվում է ավարտական փուլում։
Փոփոխությունների նպատակն է բարելավել ծրագրի պայմանները՝ հնարավորություն ընձեռելով շահառուներին ծրագրի շրջանակում ստանալ հավասարաչափ աջակցություն՝ անկախ ձեռք բերվող գույքի արժեքից, ինչպես նաև բացառել ՀՀ կառավարության համապատասխան որոշման մեջ նշված մարմիններից որևէ մեկի բացթողման կամ անփութության արդյունքում շահառուների իրավունքների ոտնահարումը։