23/02/2023 10:06
«Հրապարակ». Բողոքարկումից հետո ընդգրկվել են դատավորների ցուցակում
«Հրապարակ» թերթը գրում է. «Երկու շաբաթ առաջ գրել էինք, որ դատավորների թեկնածուների քրեական մասնագիտացման ցուցակի համալրման համար հատուկ կարգով անցկացված որակավորման գրավոր քննությունը միայն 1 հոգի է հաղթահարել։
ԲԴԽ-ի հայտարարած մրցույթին մասնակցելու հայտ էր ներկայացրել 7 անձ, անցողիկ շեմը եղել էր 80 միավոր, և միայն մեկը՝ Արմեն Էդուարդի Պողոսյանն էր հատել այդ շեմը՝ ստացել էր 86 միավոր։ Տեղեկացանք, որ քննության արդյունքներով բավարար միավորներ չհավաքած թեկնածուներից 2-ը բողոքարկել են քննության արդյունքները, ինչից հետո վերանայվել են արդյունքները, և նրանք դարձել են դատավոր։
Այդ 2 թեկնածուներն են Արտավազդ Կարապետյանն ու Սասուն Մխիթարյանը։ Կարապետյանը հավաքել էր 75 միավոր, բողոքարկումից հետո նրա միավորների թիվը դարձել է 80.5, Սասուն Մխիթարյանը՝ 74 միավոր, բողոքարկումից հետո նրան 6 միավոր ավելացրել են և 80 միավորով ընդգրկել դատավորների ցուցակում»։