24/02/2023 21:09
Ասթման հղիության ընթացքում. Ինչպես է դրսևորվում և ինչ ռիսկեր ունի
Հղիի մոտ ասթմայի բուժումը և հսկողությունը առավելագույնս ճիշտ կազմակերպելու դպքում հղիությունը կամ կրծքով կերակրումը այլևս լուրջ խնդիրներ չեն առաջացնի։
Ժամանակակից բոլոր ուղեցույցները խորհուրդ են տալիս, որ հղիության ընթացքում ևս պետք է շարունակել ասթմայի՝ դեղորայքային բուժումը։
Այստեղ պետք է առավելագույնս զգուշություն ցուցաբերել. եթե հղի կնոջ դեղերի մեջ կան ստերոիդ դեղեր, ապա անհրաժեշտ է զրուցել բժշկի հետ և ևսմեկ անգամ համոզվել, որ այդ դեղերի ընդունումը հղիության համար վտանգ չի ներկայացնում։
Ասթմայի դեղերի մեծ մասը մոր և աճող երեխայի համար անվտանգ է։ Դրանք թույլ են տալիս, որ հղիության ընթացքում ասթմայի ախտանիշները վերահսկվեն։ Հակառակ պարագայում ասթման կարող է վնաս պատճառել նաև երեխային։ Ընդհանուր առմամբ, չվերահսկվող ասթման ավելի մեծ վտանգ է ներկայացնում հղիությանը, քան ասթմայի դեղերից որևէ մեկը։
Այսպիսով, երբեք առանց բժշկի հետ խորհրդակցելու մի՛ դադարեցրեք ասթմայի դեղերի ընդունումը։ Խոսքն ինչպես կանխարգելիչ, այնպես էլ ախտանիշները մեղմացնող միջոցների մասին է։
Որոշ կանայք հղիության ընթացքում կարող են զգալ ախտանիշների մեղմացում, հավանաբար, կապված արյան մեջ կորտիզոլ հորմոնի մակարդակի բարձրացման հետ։
Հղիության ժամանակ բազմաթիվ կանանց մոտ կարող են ի հայտ գալ օդի պակասի զգացում և հևոց, որը ոչ թե ասթմայի, այլ հղիությանն ուղեկցող հորմոնային տեղաշարժերի արդյունք է։ Հղիության ավելի ուշ փուլերում հևոցը կարող է պատճառվել նաև մեծացող և ստոծանու շարժունակությունը սահմանափակող արգանդով։ Սա բազմաթիվ հղի կանանց և անգամ ասթմա ունեցողների համար նորմալ ֆիզիոլոգիական վիճակ է։
Անհավանական է, որ հղիությունը դառնա ասթմայի պատճառ, եթե կինը մինչև հղիանալն ասթմա չի ունեցել։ Սակայն այն, թե ինչպիսի ազդեցություն կունենա հղիությունը ասթմայի վրա, նախապես դժվար կամ անհնար է կանխատեսելը։
Ծանր ասթմայով որոշ կանանց մոտ կարող է զարգանալ արյան բարձր ճնշում, իսկ եթե հղի են՝ պրեէկլամպսիա։ Չվերահսկվող ասթման կարող է հանգեցնել նաև վաղաժամ ծննդաբերության և անհաս (ցածր քաշով) երեխայի ծննդի։
Եթե հղիության ընթացքում կինը կարողանում է շարունակել ֆիզիկական ակտիվ կյանք վարել (օրինակ՝ վարժանքներ կատարել) կամ աշխատավայր այցելել, ապա կան որոշ քայլեր, որոնք կարող են կանխարգելել հղիության ընթացքում ասթմայի սրացումը՝
հրաժարվեք ծխախոտից,
խուսափեք ալերգիայի նախադրյալներից
հսկեք առկա ալերգիկ ռինիտը (հարբուխ) հակահիստամինային դեղերով՝ նախապես բժշկից ճշտելով հղիության ժամանակ ամենաանվտանգ դեղը,
խուսափեք սովորական ալերգիկ ռինիտի դրդապատճառներից։
Հղիության ընթացքում ասթմայի սրացումը կարող է ի հայտ գալ հետևյալ նշաններով՝
հազ, որը սաստկանում է գիշերային ժամերին, վաղ առավոտյան կամ ֆիզիկական որևէ գործ կատարելիս,
շնչառությանն ուղեկցող խզզոցներ,
շնչարգելության զգացում և հևոց,
կրծքավանդակի լարվածության զգացում։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։