24/02/2023 19:35
Կորոնարոգրաֆիա. Հետազոտության այս մեթոդը կարող է կանխել սրտի իշեմիկ հիվանդությունների զարգացման ռիսկերը
Կորոնարոգրաֆիան կամ պսակային անգիոգրաֆիան ցուցվում է՝ հասկանալու, թե սիրտը սնուցող անոթներում կա՞ արդյոք արյան հոսքը խոչընդոտող կամ անոթը խցանող որևէ խնդիր:
Կորոնարոգրաֆիան անգիոգրաֆիայի մի տեսակ է, որի ժամանակ հետազոտվում է սրտի պսակային անոթների անցանելիությունը: Բժիշկը կարող է հիվանդին նշանակել կորոնարոգրաֆիա, եթե նկատելի է սրտի պսակային զարկերակների նեղացմամբ կամ լրիվ խցանմամբ պայմանավորված որևէ սրտանոթային հիվանդություն:
Թեև սրտի խոռոչները լցված են արյունով, սրտամկանը արյուն ստանում է առանձին անոթներով, որոնք կոչվում են պսակային զարկերակներ:
Երբ պսակային զարկերակները նեղանում են, սրտամկանի արյունամատակարարումը դանդաղում և վատթարանում է: Բավարար քանակով արյուն և արյան միջոցով՝ թթվածին և սննդանյութեր չստանալով, սրտամկանի տվյալ շրջանը իշեմիզացվում է, իսկ ծանր դեպքերում նաև մեռուկանում՝ առաջացնելով սրտամկանի ինֆարկտ:
Կորոնարոգրաֆիան ախտորոշիչ միջամտություն է, որի ընթացքում բժիշկը հիվանդին ներարկում է կոնտրաստային նյութ և ռենտգեն-նկարահանման միջոցով դիտում ու գնահատում սրտի պսակային զարկերակների անցանելիությունը: Կորոնարոգրաֆիայի մյուս անվանումներն են սրտի կաթետերիզացիա կամ պսակային անգիոգրաֆիա:
Բժիշկը կարող է պացիենտին նշանակել կորոնարոգրաֆիա, եթե առկա են այնպիսի գանգատներ, որոնք կարող են վկայել սրտամկանի ոչ բավարար արյունամատակարարման մասին՝ օրինակ ցավեր կրծքավանդակի շրջանում:
Կորոնարոգրաֆիա կարող է նշանակվել նաև սրտի բնածին արատների, կրծքավանդակի լուրջ վնասվածքների և բոլոր այն դեպքերում, երբ անհրաժեշտ է գնահատել սրտի պսակային զարկերակներով արյան հոսքը։
Հետազոտության ընթացքում ռենտգեն-հսկողության ներքո բժիշկները դիտում են, թե ինչպես է կոնտրաստ նյութը անցնում պսակային զարկերակներով և արդյոք այդ անոթներում դիտարկվում են արյան հոսքը խոչընդոտող նեղացումներ, խցանումներ և այլն:
Եթե նրանք տեսնեն, որ պսակային զարկերակի ինչ-որ մի հատված կամ մի քանի հատվածներ նեղացած կամ խցանված են, ապա մեծ հավանականությամբ կառաջարկեն այդ անոթի կամ անոթների ստենտավորման կամ մեկ այլ միջամտություն:
Միջամտության ավարտին բժիշկը հեռացնում է կաթետրը և այդ շրջանը ծածկում ստերիլ վիրակապով: Որոշ ժամանակ մնալով բժշկական անձնակազմի հսկողության ներքո, հիվանդին այնուհետև կտեղափոխեն հիվանդասենյակ:
Սովորաբար կորոնարոգրաֆիայից հետո պացիենտին առաջարկում են մի քանի ժամ մնալ պառկած վիճակում և հարթ ընթացքի դեպքում նույն օրը վերադառնալ տուն:
Տանը առնվազն մի քանի օր պետք է խուսափել ֆիզիկական ծանր գործերից և ակտիվությունից: Այդ ընթացքում հոգ տանել նաև կաթետերիզացիայի շրջանի վերքի մասին:
Ընդհանուր առմամբ այսօր կորոնարոգրաֆիան դարձել է բավականին անվտանգ միջամտություն: Այնուամենայնիվ, ինչպես բոլոր բժշկական միջամտությունները, կորոնարոգրաֆիան ևս զերծ չէ որոշ ռիսկերից, որոնցից են՝
արյունահոսություն,
ցավեր,
սրտամկանի ինֆարկտ,
արյան մակարդուկներ,
կոնտրաստ նյութի նկատմամբ ալերգիկ ռեակցիաներ,
երիկամների վնասում:
Արյունահոսության, սուր ցավերի, վարակի նշանների՝ այտուցվածության կամ մարմնի ջերմաստիճանի բարձրացման, կրծքավանդակի շրջանի ցավերի դեպքում անհրաժեշտ է միանգամից դիմել հետազոտությունն իրականացնող բժշկին և լինել վերջինիս անմիջական հսկողության ներքո:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։