24/02/2023 17:25
Ռուբեն Վարդանյանը դարձել էր պայքարի սիմվոլ, նրան հեռացնելը լավ բան չի հուշում․ Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար
Արայիկ Հարությունյանն իբր բացատրություն է տվել, թե ինչու է ազատել Ռուբեն Վարդանյանին Արցախի պետնախարարի պաշտոնից, բայց դա և՛ Ալիևի, և՛ Նիկոլի պահանջն էր։ Ես միշտ ասել եմ, որ Ղարաբաղին վերաբերող ցանկացած հարցում նրանք սինխրոն գործում են, Yerkir.am-ի հետ զրույցում ասել է Արցախի Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը՝ անդրադառնալով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի որոշմանը, որով Ռուբեն Վարդանյանն ազատվեց Արցախի պետնախարարի պաշտոնից։
«Եթե մարդիկ դա չեն տեսնում, դա իրենց մեղքն է։ Իսկ թե Արայիկ Հարությունյանն, ում պահանջն է կատարել` Նիկոլի՞, թե՞ Ալիևի, նա դրա բացատրությունը տվել է, որը մեզ չի բավարարեցնում»,- ասել է Արթուր Մոսիյանը։
Արցախի Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավարը նշել է, որ շատ կարճ ժամանակում Ռուբեն Վարդանյանը դարձել է պայքարի սիմվոլ․ «Դա է ապացուցում դեկտեմբերին 25-ին տեղի ունեցած մի քանի տասնյակ հազարանոց հանրահավաքը։ Արցախի ժողովուրդը ընտրել է այդ ուղին, և Ռուբեն Վարդանյանը դարձել էր պայքարի սիմվոլը․ նրան հեռացնելը լավ բան չի հուշում և սխալ է՝ մեր կարծիքով»,- ասել է Արթուր Մոսիյանը։
ՀՅԴ-ական գործիչը կարծիք է հայտնել, որ Փաշինյանն իշխանության է բերվել Արցախը հանձնելու նպատակով, և քանի գնում է, բոլորը համոզվում են դրանում․ «ՔՊ-ականները բերվել են որոշակի խնդիրներ լուծելու համար, բայց վախենամ, որ Արցախով չի բավարարվի և նույնը կլինի մնացած տեղերում, եթե ժողովուրդը ուշքի չգա և այդ ազգակործան պատուհասներին չվռնդի»,- ընդգծել է Արթուր Մոսիյանը։
Անդրադառնալով Հաագայի դատարանի կայացրած միջանկյալ որոշմանը՝ քաղաքական գործիչը նշել է, որ Հայաստանի իշխանությունները պետք է գործեն՝ որոշումը ինքն իրեն կյանքի չի կոչվելու, սակայն խաղաղություն մուրացող, հանուն իր իշխանության ամեն ինչի համաձայնող իշխանության դեպքում և՛ Հայաստանը, և՛ Արցախը որևէ հաջողություն չեն ունենալու։
Արթուր Մոսիյանը հավելել է, որ Արցախը բլոկադայի ամբողջ ընթացքում ապացուցել է՝ հումանիտար կամ այլ խնդիրները, իհարկե, դժվար են, բայց ամենակարևորն Արցախի ապագայի հարցն է, և ցանկացած արցախցի մտածում է միայն այդ ուղղությամբ․ «Նիկոլի և իր խունտայի վարած քաղաքականությունը ոչ մի արցախցու վստահություն չի ներշնչում։ Հայաստանի իշխանությունները որևէ կապ չունեն թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի հիմնարար իրավունքների հետ։ Շատ կարճ ժամանակ հետո ժողովուրդը դրանում կհամոզվի։ Մի մարդ, որն ասում է, թե այս սարը մեզ «պետք չէ», ինչ ասես դրան ․․․»,- եզրափակել է Արթուր Մոսիյանը։