24/02/2023 15:54
Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը ողջունում է Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ Հաագայի դատարանի որոշումը
Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն փետրվարի 23-ին ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ՀՀ վարչապետի անձնական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դեսպանն ահազանգել է տարածաշրջանում տիրող մտահոգիչ իրավիճակի մասին։ Վերջինս, մասնավորապես, հայտնել է, որ 2022թ․ սեպտեմբերին Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի և դրա արդյունքում ՀՀ ինքնիշխան որոշ տարածքների օկուպացիայից հետո Ադրբեջանը երկու ամսից ավելի արգելափակել է Լաչինի միջանցքը՝ ստեղծելով լրջագույն հումանիտար ճգնաժամ և ծանր հետևանքներ Լեռնային Ղարաբաղի 120 000 հայերի համար։
Քրիստիան Տեր-Ստեփանյանն ընդգծել է, որ 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը խախտող նման քայլը միջազգային հանրության քննադատություններին է արժանացել և բազմաթիվ միջազգային դերակատարներ պահանջել են Ադրբեջանից դադարեցնել այդ արգելափակումը։
Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարն իր հերթին ողջունել է ՄԱԿ արդարադատության միջազգային դատարանի կողմից փետրվարի 22-ին կայացված որոշումը, որով դատարանն Ադրբեջանին պարտադրել է ձեռնարկել իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները Լաչինի միջանցքով անարգել տեղաշարժ ապահովելու համար (ՖՄԿ-ն այդ մասին գրել է «Թվիթեր»-ի իր պաշտոնական էջում)։
Հանդիպման ընթացքում Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը և ՖՄԿ-ում ՀՀ ներկայացուցիչը քննարկել են նաև Հայաստանի և Կազմակերպության միջև համագործակցության ամրապնդմանն առնչվող հարցեր։