24/02/2023 09:25
«Հրապարակ». Արցախյան շարժման 35-ամյակին նվիրված միջոցառումը վերածվել է միտինգի
«Հրապարակ» թերթը գրում է. «Փետրվարի 20-ին Ստեփանակերտի մշակույթի տանը արցախյան շարժման 35-ամյակին նվիրված միջոցառումը վերածվել է միտինգի։ Չնայած Արցախի նախագահն ամեն ինչ արել է, որ այն դառնա միասնականության, պետության գլխին կախված մարտահրավերները համատեղ լուծելու շարժման մեկնարկ, և հրավեր է եղել նաև ընդդիմադիրներին, նախկին նախագահներին, բոլոր շերտերին, սակայն մի քանի հոգի այն շեղել են օրակարգից և սկսել են քննադատել Արցախի իշխանություններին։
Պետհամալսարանի նախկին ռեկտոր Համլետ Գևորգյանն ասել է. «Ի՜նչ պրազդնիկ, ի՜նչ բան, երկիր ենք կորցնում»: Ասել է, որ Արցախում պետական ոչ մի ինստիտուտ չի գործում, շրջափակման երկրորդը օրը կաղամբ չկար, էլ ինչի՞ համար է գյուղնախարարությունը։ Նրան շարունակել է Ռազմիկ Պետրոսյանը, ով Արայիկ Հարությունյանի հիմնադրած «Ազատ հայրենիք» կուսակցության նախկին պատգամավոր Գագիկ Պետրոսյանի հայրն է։
Միջոցառմանը մասնակցած պատգամավոր Մետաքսե Հակոբյանը մեզ ասաց. «Նախատեսված էր հուշ-երեկո, շարժման խորհրդի մասին պետք է խոսվեր, բայց Համլետ Գևորգյանը ելույթի սկզբում ասաց, որ պիտի շեղվի ծրագրից, որովհետև դա է պահանջում այսօրվա իրավիճակը, և խոսեց ընդհանուր կառավարման մասին։ Իսկ Ռազմիկ Պետրոսյանը խոսքն ուղղեց Արայիկ Հարությունյանին և Արցախի բարբառով ասաց՝ չե՞ս տեսնում, որ քեզ չեն ընդունում, չես կարողանում՝ թող գնա, մենք էլ կնստենք` կորոշենք, թե ով լինի նախագահ։ Դրանից հետո նախագահը գնաց»։
Հավաքին ներկա է եղել Սամվել Բաբայանը, ով բոլոր ելույթների ժամանակ բարձրաձայն ռեպլիկներ է արել, ներկաներից մեկն անգամ արձագանքել է, թե «Սյամոն չի մեծանում»»։