24/02/2023 14:26
Եթե Լաչինի միջանցքը բացվի, դա Հաագայի դատարանի որոշմամբ բացվե՞ց, թե՞ Ռուբեն Վարդանյանի գնալով. Վարդան Օսկանյան
Ադրբեջանը չի բանակցում խաղաղության համար, նա բանակցում է պատերազմում ձեռք բերած իր ավարը օրինականացնելու, ֆորմալիզացնելու և դրան միջազգային ճանաչում տալու համար, «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով գիտագործնական համաժողովի ժամանակ նման դիտարկում արեց ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը:
«Պատերազմի վախը, որը մենք մեր մեջ սերմանել ենք, Ադրբեջանի ձեռքին դարձել է զենք, որով նա մեզ սպառնում և պարտադրում է իր կամքը։ Վերջին վկայությունը հենց Ռուբեն Վարդանյանի ազատումն է։ Դրանով մենք ջրեցինք այն հաջողությունը, որը վերջին օրերին ունեցանք։
Ռուբեն Վարդանյանի գնալու, ենթադրում եմ, պայմանն այն էր, որ Ադրբեջանը պետք է սահմանը բացի, բայց նույն Ռուբեն Վարդանյանին դուրս մղելու օրը եղավ Միջազգային դատարանի որոշումը, որը պարտադրում է Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը: Հիմա, եթե Լաչինի միջանցքը բացվի, դա դատարանի որոշմամբ բացվե՞ց, թե՞ Ռուբեն Վարդանյանի գնալով: Ռուբեն Վարդանյանին աշխատանքից ազատելով՝ ջրեցինք այդ ձեռքբերումը, որ ունեցանք միջազգային դատարանում»,-ընդգծեց Օսկանյանը: