24/02/2023 20:48
«Փյունիկ»-ը Չարենցավանում մրցել է «Վան»-ի հետ
«Փյունիկն» այսօր Չարենցավանում մրցել է «Վանի» հետ և 3 անպատասխան գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը:
Fastex Հայաստանի Պրեմիեր-լիգայի 13-րդ տուրից հետաձգված խաղում Երևանի «Փյունիկն» այսօր Չարենցավանում մրցել է «Վանի» հետ և 3 անպատասխան գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը:
Եղիշե Մելիքյանի թիմի կազմում առաջին խաղակեսում խփած գնդակներով աչքի են ընկել Յուսուֆ Օտուբանջոն և Խոսե Կարբալյոն: Երկրորդ կեսի մեկնարկում ձեռքով խաղի համար 11 մետրանոց է նշանակվել Չարենցավանի թիմի դարպասին: Այդուհանդերձ, երևանյան թիմի հարձակվող Հովհաննես Հարությունյանը չի կարողացել անվրեպ իրացնել նշանակված 11 մետրանոցը:
Մոտ 10 րոպե անց Հարությունյանը կարողացել է խաղային իրավիճակում գնդակն ուղարկել տանտերերի դարպասը, այս անգամ, սակայն, VAR-ի օգնությանը դիմելով՝ մրցավարը չի արձանագրել խփած գնդակը:
Հանդիպման վերջնահաշիվը ձևակերպել է Խոսե Կարբալյոն, որը 79-րդ րոպեին դուբլ է ձևակերպել:
Այս հաղթանակից հետո «Փյունիկն» իր միավորների թիվը հասցրել է 37-ի և մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականն է զբաղեցնում: Չարենցավանի թիմը 27 միավորով 5-րդ տեղում է: