25/02/2023 12:41
Մասնագետներն Արցախի առողջապահության նախարարին ներկայացրել են շրջափակման պատճառով ոլորտում առաջացած խնդիրները
Արցախի Առողջապահության նախարար Սամվել Ավետիսյանը հրավիրել է հանդիպում-քննարկում նախարարության ստորաբաժանումների պատասխանատուների և Ստեփանակերտում գործող լիցենզավորված ատամնաբուժական կլինիկաների տնօրենների մասնակցությամբ։
Նախարարը շնորհակալություն է հայտնել նրանց հրավերն ընդունելու համար և նշել, որ նախարարության ուշադրության կենտրոնում է ստոմատոլոգիական ծառայությունների զարգացումը, բժշկական օգնության և սպասարկման մատչելիությունը, ինչպես նաև հասանելիության և որակի ապահովումը։
Մասնագետները ներկայացրել են շրջափակման պատճառով ոլորտում առաջացած խնդիրները, հանդես եկել պետության կողմից բնակչությանը անվճար ստոմատոլոգիական ծառայությունների մատուցման վերաբերյալ առաջարկություններով։
Հանդիպման վերջում նախարարը ընդգծել է, որ պետք է աշխատել փոխադարձ վստահությամբ և առավել թափանցիկ աշխատելաոճով, ինչպես նաև վստահեցրել, որ կլինիկաների կողմից կատարվող աշխատանքների ուղղությամբ իրականացվելու է վերահսկողություն։