25/02/2023 14:46
«Սպասում ենք ադրբեջանական կողմից համապատասխան քայլերի». Արցախի նախագահի խոսնակը մանրամասներ է հայտնել երեկվա հանդիպումից
Փետրվարի 24-ին Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը կազմակերպել է հանդիպում Արցախի և Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների միջև:
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը «Արցախպրես»-ին պարզաբանել է, որ քննարկվել են Արցախի շրջափակման վերացմանը, բնական գազի և էլեկտրականության կայուն ու անխափան մատակարարմանը վերաբերող հարցեր:
«Հանդիպման ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ Հայաստան-Արցախ գազատարի անխափան աշխատանքի ապահովման, Շինուհայր-Ստեփանակերտ 110կՎ միակ բարձրավոլտ օդային գծի վերանորոգման և էլեկտրամատակարարման վերականգնման վերաբերյալ:
Սպասում ենք ադրբեջանական կողմից համապատասխան քայլերի, որոնք հնարավորություն կտան մեր մասնագետներին հասնել էլեկտրամատակարարման խափանման վայր, գնահատել վնասը և սկսել վերանորոգման աշխատանքները:
Ինչ վերաբերում է ճանապարհի արգելափակման վերացմանն, ապա, մեր տվյալներով, այդ ուղղությամբ ռուսական կողմը շարունակում է ջանքեր գործադրել, և հույս ունենք, որ կարճ ժամկետում դրական տեղաշարժ կլինի այդ առումով նույնպես»,- ասել է Լուսինե Ավանեսյանը: