27/02/2023 20:28
Հարվահանաձև գեղձեր․ Ո՞ր գործառույթների համար են պատասխանատու և ի՞նչ դեր ունեն օրգանիզմում
Հարվահանաձև գեղձերը փոքր, ցորենի կամ բրնձի չափ գեղձեր են, որոնք տեղակայված են պարանոցի վրա, մեկ այլ ներզատական՝ վահանաձև գեղձի ետևում, յուրաքանչյուր կողմից՝ երկուական:
Հարվահանաձև գեղձերն արտադրում են պարաթիրեոիդ կամ պարատ հորմոն (PTH), որն օգնում է օրգանիզմում կալցիումի քանակի կարգավորմանը:
Մասնավորապես, այն հսկում է, թե ինչ քանակի կալցիում է՝
ներծծվում մարսողական համակարգից,
տեղափոխվում արյան միջոցով,
պահեստավորվում ոսկրերում:
Կալցիումը կարևոր դեր ունի նյարդերի, մկանների և ոսկրերի նորմալ գործունեությունն ապահովելու մեջ:
Երբեմն հարվահանաձև գեղձն արտադրում է չափից շատ պարաթիրոիդ հորմոն: Նման վիճակը կոչվում է հիպերպարաթիրոդիզմ, որի պատճառը սովորաբար գեղձի ոչ քաղցկեղային աճն է կամ գերաճը: Խիստ հազվադեպ այս վիճակը կարող է զարգանալ հարվահանաձև գեղձի քաղցկեղի պատճառով:
Երբ պարաթիրոիդ հորմոնի մակարդակը նորմայից բարձր է, օրգանիզմը սկսում է ոսկրերից դեպի արյան հուն մատակարարել ավելի շատ կալցիում, որի արդյունքում արյան կալցիում մակարդակը դառնում է նորմայից խիստ բարձր:
Ոսկրերի կալցիումազրկումը բարձրացնում է օստեոպորոզի զարգացման ռիսկը, որի հիմնական նշաններն են ոսկրերի թուլացումը, փխրունացումը և ավելի հեշտությամբ կոտրվելը: Սակայն միայն հարվահանաձև գեղձերի խնդիրը չէ, որ կարող է հանգեցնել օստեոպորոզի: Այլ կերպ ասած, եթե դուք ունեք օստեոպորոզ, դեռ չի նշանակում, որ ունեք այս գեղձերի հետ կապված խնդիրներ:
Հարվահանաձև գեղձերի խնդիրները կարող են առաջացնել նաև ընդհանուր հոգնածության զգացում, նպաստել երիկամային քարերի առաջացմանը, ուղեկցվել ստամոքսի կամ հոդերի ցավերով:
Եթե հարվահանաձև գեղձի խնդիրները առաջացնում են վերոնշյալ վիճակները կամ դրանցից մեկնումեկը, բժիշկը կարող է առաջարկել մեկ կամ մի քանի գեղձերի հեռացման վիրահատություն: Զրուցեք այս մասին ձեր բժշկի կամ հավանական վիրաբույժի հետ:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։