27/02/2023 21:01
Մակերիկամների կողմից արտազատվող հորմոնները պատասխանատու են մի շարք կարևոր ֆունկցիաների համար
Մակերիկամները եռանկյունաձև զույգ ներզատական գեղձեր են, որոնք «նստած են» յուրաքանչյուր երիկամի գագաթին:
Մակերիկամները մտնում են հորմոնային համակարգի մեջ, քանի որ արտադրում են արյան ճնշումը, նյութափոխանակությունը և սթրեսին օրգանիզմի պատասխանը կարգավորող հորմոններ:
Մակերիկամների հիմնական հորմոններն են ադրենալինը, նորադրենալինը, կորտիզոլը և ալդոստերոնը:
Ադրենալինը և նորադրենալինն ուղղակիորեն մասնակցում են սթրեսի հանդեպ մարդու օրգանիզմի պատասխանին:
Կորտիզոլն իր հերթին ազդում է տարբեր գործընթացների վրա, ներառյալ՝ նյութափոխանակություն, արյան գլյուկոզի մակարդակ և իմունային համակարգի ընկճում:
Ալդոստերոնը մասնակցում է արյան ճնշման հսկողությանը:
Մակերիկամների հետ կապված հիվանդությունները հանդիպում են խիստ հազվադեպ․
Քուշինգի համախտանիշը հիվանդություն է, որն ուղեկցվում է կորտիզոլի արտադրության բարձրացմամբ, որի հետևանքով զարգանում են առողջական տարբեր խնդիրներ՝ մարմնի կշռի ավելացում, դեմքի կարմրություն, տարբեր արյունազեղումներ և դիաբետ: Հիվանդությունը սովորաբար զարգանում է երկարատև ստերոիդ դեղեր ընդունելու պատճառով, սակայն երբեմն կարող է առաջանալ նաև պայմանավորված բուն մակերիկամային ուռուցքով:
Ադիսոնի հիվանդությունը զարգանում է մակերիկամների կողմից կորտիզոլի և ալդոստերոնի թերարտադրությամբ: Ադիսոնի հիվանդության ախտանշաններն են՝ գանգատներ ախորժակի անկումից և կշռի կորստից, ինչպես նաև որովայնային ցավերից, սրտխառնոցից, փսխումներից և գլխապտույտից:
Մակերիկամի բնածին հիպերպլազիան հանդիսանում է ժառանգական հիվանդություն, որի ժամանակ մակերիկամներն արտադրում են ավելցուկային սեռական հորմոններ, որը բերում է տղաների մոտ՝ վաղ սեռահասունացման, իսկ աղջիկների մոտ՝ արական նշանների զարգացման:
Կոննի համախտանիշը, որը հայտնի է նաև որպես առաջնային հիպերալդոստերոնիզմ․ հիվանդություն է, երբ մեկ կամ զույգ մակերիկամներն արտադրում են նորմայից ավելի մեծ քանակով ալդոստերոն, որի հետևանքով զարգանում է բարձր արյան ճնշում:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։