27/02/2023 18:45
Ի՞նչ է վազէկտոմիան և հանգեցնո՞ւմ է արդյոք շագանակագեղձի քաղցկեղի առաջացմանը
Վազէկտոմիան վիրահատական միջամտություն է, որի ընթացքում տղամարդու սերմնածորանները փակվում են այնպես, որ կանխվի բեղմնավորումը։
Կան մի քանի մեթոդներ, որոնցով վիրաբույժը կարող է իրականացնել վազէկտոմիա, որոնք բոլոր դեպքերում ենթադրում են սերմնածորաններից յուրաքանչյուրի առնվազն մեկի խցանում: Որպես ոչ բարդ վիրահատություն՝ այն սովորաբար տևում է մինչև 30 րոպե։ Միջամտությունների սենյակում կարճատև վերականգնումից հետո վիրահատված տղամարդուն ուղարկում են տուն՝ հանգստանալու։ Քանի որ վիրահատությունն ընթանում է նվազագույն միջամտությամբ, վազէկտոմիայի ենթարկված շատ տղամարդիկ վերադառնում են իրենց բնականոն սեռական վարքագծին մեկ շաբաթվա ընթացքում՝ չնչին անհարմարություններով կամ դրանց բացակայությամբ։
Քանի որ այդ միջամտությունը բեղմնականխման մշտական մեթոդ է և դժվար դարձելի, տղամարդկանց խորհուրդ է տրվում խորհել այն խնդրի շուրջ, թե վազեկտոմիայի երկարատև արդյունքն ինչ ազդեցություն կարող է ունենալ իրենց վրա թե՛ հուզական, թե՛ ֆիզիկական առումով։ Վիրահատությունը հաճախ խորհուրդ չի տրվում ամուրի երիտասարդ տղամարդկանց, քանի որ այս միջամտության արդյունքում նրանց կենսաբանական ծնող դառնալու հնարավորությունները այս կամ այն կերպ նվազում են՝ գրեթե զրոյանալով։
Երևույթն ունի մի շարք ռիսկային կողմեր, ըստ գիտնականների տարածված կարծիքների՝ վազէկտոմիան կարող է հանգեցնել շագանակագեղձի քաղցկեղի առաջացմանը
Հարվարդի համալսարանում ուսումնասիրել են 24 տարիների ընթացքում մոտ 50.000 տղամարդու հետազոտությունների արդյունքում ստացված տվյալներ: Ըստ հետազոտության արդյունքների` վազէկտոմիայի ենթարկվածների մոտ շագանակագեղձի քաղցկեղի զարգացման հավանականությունը 10%-ով ավելի բարձր է` մյուս տղամարդկանց համեմատ:
Նշենք, որ շագանակագեղձի քաղցկեղը համարվում է քաղցկեղի ամենատարածված ձևը տղամարդկանց շրջանում։ Այս հիվանդությունը հիմնականում դանդաղ է զարգանում, և բժիշկները խորհուրդ են տալիս հսկողության տակ պահել հիվանդության զարգացման գործընթացը՝ ուշադիր լինելով ախտանիշներին:
Վազէկտոմիայից հետո տղամարդու մոտ պահպանվում է սեռական վարքագիծը՝ լիբիդո, էրեկցիա, էյակուլյացիա: Վիրահատական միջամտությունից կարճ ժամանակ անց վերջինս կարող է անցնել իր բնականոն կյանքին։
Վազէկտոմիան հատկապես մեծ ժողովրդականություն ունի Մեծ Բրիտանիայում, որտեղ այդ վիրահատությանն է դիմում ամեն վեցերորդ տղամարդը: Ընդ որում, բրիտանացիների մահացության պատճառ հանդիսացող ուռուցքաբանական հիվանդությունների շարքում շագանակագեղձի քաղցկեղը գտնվում է երկրորդ տեղում:
Ընդհանուր առմամբ, վազէկտոմիան համարվում է անվտանգ վիրահատություն, սակայն մի շարք հիվանդների մոտ այն ունենում է բարդ հետևանքներ, այդ թվում` տարաբնույթ ինֆեկցիաներ, հեմատոմաներ, ցավ ամորձիներում:
Սակայն գիտնականները համոզված են, որ առաջիկա տարիներին այդ ֆունկցիան կկատարեն սովորական հաբերը: Ծայրահեղ դեպքում հետազոտողները դիտարկում են այսպես կոչված «քիմիական վազէկտոմիան»:
Մի շարք երկրներում վազէկտոմիան օրենսդրորեն թույլատրվում է միայն հասուն տարիքում և որոշակի պայմաններում: Օրինակ, Ռուսաստանի քաղաքացիներին այն թույլատրվում է միայն 35 տարեկանը լրացած լինելու կամ երկու և ավելի երեխաներ ունենալու դեպքում:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։