27/02/2023 12:00
Օդային ճանապարհով փորձ է արվել առանց հայտարարագրման ՀՀ ներմուծել ադամանդե քարեր (Տեսանյութ)
ՀՀ ՊԵԿ Արևմտյան մաքսատուն-վարչությունում օրերս հայտնաբերվել է մաքսային կանոնների խախտման նոր դեպք։
Ստամբուլ-Երևան չվերթով ՀՀ ժամանած քաղաքացին ՊԵԿ Արևմտյան մաքսատուն-վարչության ուղևորների մաքսային հսկողության բաժնում հատել է «Կանաչ» ուղու մուտքի գիծը, որը համարվում է մաքսային հայտարարագրման ենթակա ապրանքների բացակայության մասին ֆիզիկական անձի կողմից արված հայտարարություն։
Մաքսային հայտարարագրման ենթակա ապրանքների տեղափոխման վերաբերյալ հիմնավոր կասկածներ ունենալով` քաղաքացու կողմից «Կանաչ ուղի» մաքսային հսկողության գոտու ելքի գիծը հատելուց հետո, մաքսային ծառայողները քաղաքացուն ուղեկցել են «Կարմիր ուղի» հսկողության գոտի: Տվյալ քաղաքացին ենթարկվել է մաքսային հսկողության: Արդյունքում նրա գրպաններից հայտնաբերվել է 6 պոլիէթիլենային փաթեթվածք՝ լցված ադամանդանման քարերով՝ ընդհանուր 14 գրամ քաշով: Նրա մոտ առկա է եղել նաև 1 փաթեթ՝ լցված ադամանդանման քարերով՝ ընդհանուր 29 գրամ քաշով և 3 դատարկ այլ փաթեթ։ Հայտնաբերված ադամանդանման քարերի ընդահանուր քաշը կազմել է շուրջ 43 գրամ:
Կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն՝ «Մաքսային կարգավորման» մասին ՀՀ օրենքի 316-րդ հոդվածով։ Վարչական վարույթի հետագա ընթացքն ապահովելու համար` գործի նյութերն ուղարկվել են ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչություն: