27/02/2023 17:12
Սումգայիթի ցեղասպանության նախապատրաստումն սկսվել է 1987 թվականի դեկտեմբերի կեսերից, Ադրբեջանի անպատժելիությունը ծնել է նոր հանցագործություններ
Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունների կողմից 1988 թվականի փետրվարի 27-ից 29-ը պետական մակարդակով կազմակերպվեց ու իրականացվեց քաղաքի հայ ազգաբնակչության եղեռն և զանգվածային տեղահանություն:
Այսօր՝ փետրվարի 27-ին, Սումգայիթի ջարդերի 35-րդ տարելիցի առթիվ Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի Կովկասագիտության կենտրոնի ղեկավար Հովիկ Ավանեսովն «Արցախպրեսի»-ի հետ զրույցում անդրադարձել է պատմական փաստերին:
«Մենք պետք է հստակորեն արձանագրենք, որ Սումգայիթի ցեղասպանությունը չի սկսվել 1988 թվականի փետրվարի 26-ի երեկոյան: Կան բազմաթիվ փաստեր, որոնք վկայում են, որ նախապատրաստական աշխատանքները սկսվել են դեռևս 1987 թվականի դեկտեմբերի կեսերից: Բազմաթիվ ականատեսներ պատմում են, որ Սումգայիթի և հարակից քաղաքների գործարանները, որտեղ սուր և ծակող գործիքներ էին արտադրում, 1987-ի դեկտեմբերից մինչև 1988-ի փետրվար աննախադեպ չափով արտադրանք են տվել: Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ իրականացնողների ձեռքի տակ եղել են հայերով բնակեցված թաղամասերի կոնկրետ հասցեները: Սա նշանակում է, որ զանգվածային կոտորածն ու ջարդը որպես խուլիգանական արարք որակելը, ինչպես մինչ օրս Բաքվի քարոզչամեքենան է ներկայացնում, իրականության հետ որևէ աղերս չունի»,-ասել է Հովիկ Ավանեսովը:
Նրա համոզմամբ՝ պետք է հաշվի առնել, որ, Սումգայիթի ջարդերին զուգահեռ, Բաքվի բազմաթիվ թաղամասերում ևս հայերի նկատմամբ տեղի էին ունենում ցեղասպանական գործողություններ: Սակայն այդ ոճրագործությունները որևէ համապատասխան արձագանքի չեն արժանացել:
«Շինծու դատավարության արդյունքում հայերի ցեղասպանության զոհերի` Ադրբեջանի դատախազության կողմից հրապարակված թիվը ևս իրական չէ։ Մեր հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ Սումգայիթում այդ օրերին մոտ 3000 հայ Է զոհվել: Այդ են վկայում խոսուն փաստերը»,-նշել է Հովիկ Ավանեսովը։
Նա ընդգծել է, որ որ ոճրագործներն առաջնորդվում էին «Մահ հայերին» կարգախոսով, որն Ադրբեջան էր ներմուծվել Թուրքիայից: Եվ այս վարքագիծը որևէ քաղաքական ու իրավական գնահատականի չարժանացնելը ստեղծեց պարարտ հող հետագա հանցագործությունների համար:
«Ամենավառ օրինակն Արցախի՝ երկու ամսից ավելի տևող շրջափակումն է, ինչը Ադրբեջանի հակահայ քաղաքականության հերթական դրսևորումն է: Այս ամենին ճիշտ հակահարված տալու համար պետք է աշխատել ամբողջական փաթեթով, տաբեր դատական գործընթացների միջոցով ապացուցել հայերի նկատմամբ նրանց կողմից կատարված ցեղասպանությունն ու կոտորածները»,-նշել է Հովիկ Ավանեսովը: