28/02/2023 20:22
Գիշերային անմիզապահությունը մեծ տարիքի երեխաների մոտ․ Խնդրի կարգավորման ուղիներ
Մինչև 6 տարեկան երեխաների մոտ գիշերային անմիզապահությունը կամ գիշերամիզությունը բավականին տարածված երևույթ է, սակայն ավելի մեծ տարիքի երեխաները նույնպես կարող են բախվել այս խնդրին:
Գիշերային անմիզապահությունը կամ գիշերամիզությունը տեղի է ունենում, երբ երեխան միզելու կարիք առաջանալիս չի կարողանում գիշերային քնից արթնանալ: Այն կարող է կրկնվել յուրաքանչյուր գիշեր կամ ավելի հազվադեպ: Բժիշկները գիշերային անմիզապահությանը անվանում են նաև նոկտուրա:
Որոշ երեխաների մոտ գիշերամիզությունը կարող է լինել ի ծնե, իսկ մյուսների մոտ՝ ի հայտ գալ ավելի ուշ տարիքում:
Գիշերային անմիզապահությունը խիստ մտահոգում է ինչպես երեխային, այնպես էլ ծնողներին և կարող է առաջացնել նաև հոգեբանական մի շարք խնդիրներ:
Որոշ երեխաներ քնում են շատ խորը և չեն կարողանում արթնանալ, երբ առաջանում է միզելու կարիք: Այլ դեպքերում երեխան կարող է ունենալ իր տարիքից ավելի փոքր միզապարկ: Կամ գիշերային ժամերին կարող է արտադրվել համեմատաբար մեծ քանակությամբ մեզ:
Հազվադեպ գիշերամիզության պատճառ կարող է հանդիսանալ «հակադիուրետիկ հորմոն» անվանումն ունեցող հորմոնի ցածր մակարդակը, որի պատճառով գիշերային ժամերին արտադրվող մեզի ծավալը մեծանում է, և միզապարկը չի կարողանում պահել ավելցուկային մեզը:
Գիշերամիզության առաջացման մեջ դեր ունի նաև ժառանգական գործոնը, և եթե ծնողների կամ նրանցից մեկնումեկի մոտ մանկական տարիքում գրանցվել է գիշերամիզություն, երեխաների մոտ նույն վիճակի հավանականությունը բարձրանում է:
Երեխաների գիշերամիզության մեջ նշանակություն ունեն նաև հուզական գործոնները՝ սթրեսային միջադեպ կամ վախ, նաև ֆիզիկական խնդիրները:
Բժիշկը երբեմն կարող է խորհուրդ տալ որոշ հետազոտություններ անցնել, որոնք դեպքերի մեծ մասի ժամանակ որևէ խնդրի առկայություն չեն նախանշում: Սակայն բժիշկին այդ հետազոտությունների պատասխանները պետք են, որ ժխտի այլ, ավելի լուրջ առողջական խնդիրների առկայությունը:
Ոչ հազվադեպ կարիք է զգացվում նաև ներգրավել այլ մասնագետների, օրինակ՝ հոգեթերապևտի, մանկաբույժի, նյարդաբանի և այլն:
Ժամանակի ընթացքում գիշերամիզությունը սովորաբար անհետանում է, իսկ եթե, այնուամենայնիվ, շարունակվում է ավելի բարձր տարիքում, անհրաժեշտ է զրուցել բժշկի հետ և հետևել նրա խորհուրդներին։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։