28/02/2023 16:30
ԱԱԾ-ն առաջարկում է պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանման ավելի երկար ժամկետներ սահմանել
Ազգային ժողովում այսօր քննարկվեց «Պետական գաղտնիքի մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը:
Առաջարկվում է պետական գաղտնիք պարունակող հատուկ կարևորության ու հույժ գաղտնի տեղեկությունների պահպանության համար սահմանել առավել երկար ժամկետներ:
Առաջարկվում է գործող 30 տարվա փոխարեն պետական գաղտնիք պարունակող հատուկ կարևորության տեղեկությունների պահպանման ժամկետը սահմանել 40 տարի: Հույժ գաղտնի տեղեկությունների պահպանման ժամկետն առաջարկվում է սահմանել 30 տարի` գործող 10 տարվա փոխարեն:
Նախագիծը ներկայացնելիս ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանը նշեց, որ օրենքի նախագծում խմբագրվել են «պետական գաղտնիք» և «պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ» հասկացությունները, հստակեցվել է սահմանափակ տարածման ծառայողական տեղեկության հասկացությունը:
Օրենքի նախագիծը լրացվել է գաղտնագրման համաչափության սկզբունքով` միաժամանակ սահմանելով այդ սկզբունքի բովանդակությունը, վերանայվել են իրավունքների ժամանակավոր սահմանափակումների վերաբերյալ դրույթները` նախատեսելով ավելի մեղմ կարգավորումներ:
Նա նշեց, որ օրենքի նախագծում կատարված մյուս փոփոխությունները կրում են խմբագրական բնույթ:
Օրենքի նախագծի փաթեթում ներառված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածը շարադրվել է նոր խմբագրությամբ:
Տիգրան Հարությունյանը տեղեկացրեց, որ օրենսդրական փաթեթը լրացվել է նոր` ««Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծով` օրենքից ծառայողական գաղտնիքին վերաբերող դրույթները հանելու նպատակով: