28/02/2023 12:40
«Բա ո՞ւր եք». Ալեն Սիմոնյանը Ռուսաստանին կոչ է անում զուսպ ու հանգիստ լինել
Ռուսաստանը դեր ունի խաղաղության պայմանագրի քննարկումներում, այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Միևնույն ժամանակ, մի քիչ ավել եմ համարում այն ջղաձգումները, նյարդային արձագանքները, որոնք նկատվում են Մոսկվայից, երբ որևիցե այլ կողմ փորձում է ինչ-որ դրական բան անել», - ասաց նա:
Սիմոնյանը կարծում է, որ Ռուսաստանը պետք է «մի քիչ ավելի հանգիստ լինի»:
«Պետք է ավելի զսպված լինեն, պետք է հասկանան իրավիճակն ու հասկանան, որ Հայաստանը իր շահերն ունի, ունի իր անվտանգության խնդիրը, որը պետք է ապահովվի՝ ի հեճուկս որևիցե աշխարհաքաղաքական ելևէջի, կամ որևիցե մեկի խանդի», - նշեց ԱԺ նախագահը:
Սիմոնյանը կոչ արեց «ծուռ նստել, դուզ խոսել». Ռուսաստանն է ՀՀ տարածքային ամբողջականության անվտանգության ապահովողը:
«Բա ո՞ւր եք, ինչո՞ւ ավելի ակտիվ չեք մասնակցում, ես ասել եմ՝ եթե չեք կարողանում, պետք է բարձրաձայն ասել դրա մասին, միգուցե, նստենք ու ելքեր գտնենք», - նշեց Սիմոնյանը: