28/02/2023 15:04
Հայաստանում դատախազները դրույքաչափի 92 տոկոսի չափով հավելավճար կստանան
Դատախազներին կվճարվի ամսական հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 92 տոկոսի չափով:
Արդարադատության փոխնախարար Լևոն Բալյանն Ազգային ժողովին ներկայացրեց «Պետական պաշտոններ ու պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը՝ նշելով, որ առաջարկի հիմքում դրվել են դատախազների աշխատանքի բարձր ռիսկայնությունը, մասնագիտական որոշակի պահանջները:
«Դատախազների վարձատրության ավելացման մոտեցումը առաջ է քաշվել՝ նկատի ունենալով որոշ կարևոր գործոններ, որոնց թվին դասվում են քրեական վարույթի ընթացքում դատախազի նկատմամբ առկա արտաքին ճնշումների անհամեմատ բարձր հավանականությունը, որը պայմանավորված է վարույթի ընթացքում դատախազի անձի համար ինչպես բարենպաստ, այնպես էլ անբարենպաստ որոշումներ կայացնելու բացառիկ լիազորությունով օժտված լինելու հանգամանքով, քրեական գործերի քանակի շարունակական աճը, որի պայմաններում դատարանի անխուսափելի գերծանրաբեռնվածությունը կարող է հանգեցնել դատախազությանը վերապահված գործառույթների իրականացման արդյունավետության նվազեցմանը», - մանրամասնեց փոխնախարարը:
Նրա խոսքով՝ ցածր վարձատրության պայմաններում գերծանրաբեռնվածությունը, հանրային բարձր պատասխանատվությունը, դատախազների վրա առկա հնարավոր ճնշումները դատախազի աշխատանքը դարձնում են պակաս գրավիչ՝ համակարգը բարձր որակավորում ունեցող մասնագետներով համալրելու տեսանկյունից:
Նշվում է, որ դատախազներին տրամադրվելիք հավելումների պայմաններում դատախազության համակարգում մինչև 2024 թվականի ավարտը ատեստավորումը կիրականացվի ատեստավորման ենթակա բոլոր դատախազների համար՝ զբաղեցրած պաշտոնին դատախազների մասնագիտական գիտելիքների, գործնական հմտություների ու աշխատանքային ունակությունների համապատասխանությունը որոշելու նպատակով:
Դատախազներին վճարվող հավելումների չափը որոշելիս հիմք է ընդունվել առանձնակի ռիսկային բարդություններով պայմանավորված ու մասնագիտացում պահանջող պաշտոններ զբաղեցնող անձանց տրամադրվող հավելումների միասնական, չտարբերակված մոտեցում սահմանելու անհրաժեշտությունը: