28/02/2023 10:04
«Ժողովուրդ». Իշխանականները տրամադրված են այս նստաշրջանը հանգիստ «անցկացնել», սուր չքննադատել ընդդիմադիրներին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՔՊ խմբակցությունը, ԱԺ նստաշրջանի մեկնարկին ընդառաջ, երեկ փակ հանդիպում է արել ԱԺ-ում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ քննարկումը բավականին կարճ է տևել՝ մոտ 1 ժամ: Ինչպես մեր աղբյուրները հայտնեցին, պասիվ հանդիպում է եղել, արտառոց միջադեպեր չեն գրանցվել, նաև մասնակիցներն են քիչ եղել: ՔՊ-ականները հիմնականում պատրաստվել են այսօրվա ԱԺ նիստին, որոշել են քվեարկությունների հարցը, ով ինչ է խոսելու, ինչի վերաբերյալ է ելույթ ունենալու հիմնականում և այլն: Տեղեկացանք նաև, որ իշխանականները տրամադրված են այս նստաշրջանը հանգիստ «անցկացնել», սուր չքննադատել ընդդիմադիրներին:
Թեև հերթական քառօրյայի օրակարգում 19 հարց է ընդգրկվել, սակայն իշխող ֆրակցիայի համար կարևոր է անցկացնել հատկապես «Պետական գաղտնիքի մասին» օրենքը, ուստի որոշել են միաձայն կողմ քվեարկել նախագծին: Տեղեկացանք, որ ընդդիմությունն էլ պատրասվում է այս նախագծի հետ կապված «թեժ» քննարկում այսօր ծավալել ԱԺ-ում և մանրամասն ներկայացնել դրա խնդրահարույց կողմերը: Այս առումով ակտիվ է լինելու հատկապես Արծվիկ Մինասյանը, որն այսօր ընդդիմության անունից ներկայացնելու է միասնական տեսակետ՝ տվյալ նախագծի վերաբերյալ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իշխող ֆրակցիան երեկվա փակ նիստում քննարկել է նաև ՄԻՊ թեկնածուի հարցը, սակայն այդպես էլ վերջնական որոշման չի եկել, պատգամավորներից մի քանիսն իրենց թեկնածուների անուններն են տվել, սակայն որևէ թեկնածուի շուրջ խմբակցությունը կոնսենսուսի չի եկել»։