28/02/2023 10:29
«Ժողովուրդ». Կյանքը ցույց տվեց, որ ՀՀ կառավարությունը չի կարողանում միջազգային ճնշում կազմակերպել, որպեսզի կատարվի վճիռը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «իջազգային իրավական հարցերով մշտական ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն իր հանրային խոսքում մշտապես շեշտել է Հաագայի միջազգային դատարան դիմելու կարևորությունը, Նիկոլ Փաշինյանի PR թիմն օրեր շարունակ ոգևորված տարածում էր դատական լսումների տեղեկությունները՝ հասարակությանը կերակրելով, թե, ահա, միջազգային դատարանում քննվում է հայերի համար կարևորագույն հարցը, և վճռից հետո Լաչինի միջանցքը կբացվի և այլն: Կյանքը ցույց տվեց, որ ինչպես մյուս բոլոր ոլորտներում, այս դեպքում էլ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը քամի տատանելով էր զբաղված: Նրանք ցույց են տալիս, թե գործում են, բայց գործում են իրականում զերո արդյունավետությամբ:
Ինչո՞ւ ենք այդպես ասում. երեկ նույն Եղիշե Կիրակոսյանը հայտարարեց. «Ցավոք, միջազգային իրավունքում չունենք այնպիսի ինստիտուտ, որը կզբաղվի որոշումների հարկադրաբար կատարման ուղղությամբ հարցերով: ՄԱԿ-ի դատարանի որոշումը ենթակա է պարտադիր կատարման կողմերի համար, բայց իրականացման համար ժամկետ չկա նշված»:
Ազնիվ կլիներ, որ Կիրակոսյանն ու իր պրոֆեսիոնալների թիմը հասարակության մոտ անիմաստ սպասումներ չառաջացնելու համար նախապես հայտարարեին, որ ինչ վճիռ էլ կայացնելու լինի ՄԱԿ-ի միջազգային դատարանը, չի կատարվելու այն: Դա պետք է ասեին՝ աշխարհի շատ երկրների նախադեպերը հաշվի առնելով: Ինչ խոսք, օրինակներ շատ կան աշխարհում, որ կայացվել են վճիռներ կամ միջանկյալ միջոցներ, որոնք չեն կատարվել, բայց ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ միջազգային դատարանը կարողանում է արդյունավետ աշխատել միայն այն դեպքում, երբ այն պետությունը, որի օգտին կայացվում է որոշումը, ի վիճակի է միջազգային հանրության միջոցով իրագործել այդ վճռի կամ միջանկյալ միջոցի կիրառումը: Կյանքը ցույց տվեց, որ որևէ կերպ ՀՀ կառավարությունը չի կարողանում միջազգային ճնշում կազմակերպել, որպեսզի կատարվի վճիռը:
Միայն Եվրամիությունը և Ֆրանսիան են հայտարարել, որ անհրաժեշտ է կատարել Հաագայի դատարանի որոշումը, սակայն դեռ անօգուտ. 81 օր է՝ փակ է Արցախն աշխարհին կապող միակ ավտոճանապարհը»։