28/02/2023 12:11
Լաչինի միջանցքի փակումը քաղաքական առումով ավելի մեծ վնաս պատճառեց Ադրբեջանին, քան՝ Հայաստանին ու Արցախին. Ալեն Սիմոնյան
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վստահեցնում է ՝ Հայաստանը միջազգային բոլոր ատյաններում օգտագործել է Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, որով դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է ապահովել մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով:
«Չեմ կարծում, որ դրանից Ադրբեջանը երջանիկ է լինելու: Առնվազն խոստանում եմ, որ իրենք դրանից երջանիկ չեն լինելու», - լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահը:
Սիմոնյանը նշեց, թե միջազգային առումով Հայաստանը բավականին մեծ հաջողություններ է գրանցում:
«Իմ գնահատմամբ՝ Լաչինի միջանցքի փակումն ավելի մեծ վնաս պատճառեց Ադրբեջանին, քան՝ Հայաստանին ու Արցախին՝ քաղաքական առումով: Այո՛, մենք տուժեցինք, այո՛, մենք ծանր ենք տանում, այո՛, մենք խնդիրներ ունենք, բայց քաղաքական առումով Ադրբեջանը հայտնվել է փակուղու մեջ», - նշեց ԱԺ նախագահը: