28/02/2023 09:46
«Փաստ». Նոր ինստիտուցիոնալ հասարակական-քաղաքական հարթակի ձևավորումը կխանգարի Փաշինյանին երկար մնալ իշխանության ղեկին
«Փաստ» թերթը գրում է. «Հատկապես աղետալի պատերազմից հետո մեր հասարակության զգալի մասը վստահ էր, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը պետք է հեռանան: Սակայն առ այսօր նրանք շարունակում են պայքարել: Տարբեր անհատներ ու քաղաքական ուժեր, գործիչներ տարբեր պատկերացումներ ունեն, թե ինչ տարբերակով է հնարավոր հասնել իշխանափոխության, և արդյոք Փաշինյանը դեռ երկար կկարողանա պահել իր իշխանությունը։ «Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը կարծում է, որ կա երկու սցենար, որոնք կարող են խանգարել նրան երկար մնալ իշխանության ղեկին։ Առաջին սցենարը, ըստ «Փաստի» զրուցակցի, նոր ինստիտուցիոնալ հասարակական-քաղաքական հարթակի ձևավորումն է, որը կհամախմբի նոր մտածելակերպով, ազգային, բարոյական ու հոգևոր արժեքներով օժտված, բավարար խելացի և անսասան ոգի ունեցող մարդկանց՝ ստանձնելու պետության կառավարման պատասխանատվությունը։
«Այս պահին սա Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում ամենապահանջված օրակարգն է և մեր ժողովրդի գլխավոր ուղերձներից մեկը։ Սա չի նշանակում, որ այն առողջ, անաչառ ուժերը, որոնք փոքրամասնություն են կազմում, բայց դեռ փորձում են պայքարել մեր պետության համար, չեն կարողանա միանալ նոր հարթակին»,-ասում է նա և հավելում, որ երկրորդ սցենարը հեղափոխությունն է՝ այս անգամ կոշտ և անկանխատեսելի։ «Բացի այդ, մենք չգիտենք, թե ինչ ուժեր կկարողանան այդ էներգիան ուղղորդել, բայց, ամենայն հավանականությամբ, դրանք կլինեն արևմտամետ շարժումներ, քանի որ նրանք ունեն հեղափոխական տեխնոլոգիաների մեծ փորձ և ժամանակին կարողացել են գրեթե «սանձահարել» նմանատիպ իրավիճակ Հայաստանում»,-մեզ հետ զրույցում նշեց Արման Վարդանյանը՝ հավելելով, որ երկրորդ ճանապարհի կողմնակից չէ և վստահ է, որ «Շարպյան» (գունավոր) հեղափոխությունները միայն խարխլում են պետության հիմքերը և տանում տարածքային կորուստների։
Վարդանյանի համոզմամբ, իր նշած հասարակական-քաղաքական հարթակի առաջին պլանում պետք է լինեն այն քաղաքական ու հասարակական գործիչները, որոնք ունեն հստակ պետական մտածողություն, և այդ մտածողությունն ուղղված է մեր պետության անվտանգության և բարգավաճման ամրապնդմանը, նրանք, ովքեր կարող են որոշել «խաղի կանոնները», հուսալի գործընկեր լինել ռազմավարական դաշնակիցների համար և «հասկանալի խաղացող»՝ քաղաքակիրթ աշխարհի համար: «Պետք է լինեն այն լիդերները, ովքեր յուրաքանչյուրն իր ոլորտում ապացուցեցին, որ հաջողակ են, սկզբունքային և չեն վախենում որոշումներ, այդ թվում՝ «ցավոտ» որոշումներ կայացնելուց։ Սա Հայաստանին այս ծանր վիճակից դուրս բերելու միակ ճանապարհն է»,-ասաց մեր զրուցակիցը»։