01/03/2023 19:41
Ի՞նչ է էքսպրես թեստը. Ո՞ր դեպքերում և ինչպե՞ս կիրառել
Շատերն արդեն ծանոթ են էքսպրես թեստերին` հղիությունն ախտորոշող թեստերի օրինակով:
Թեստերի աշխատանքային արդյունավետության սկզբունքի հիմքում օրգանիզմում որոշակի վիճակներում արտադրվող նյութերի հանդեպ պատասխանն է: Արդյունքը երևում է երիզի վրա: էքսպրես թեստերն այսօր հասանելի են բոլորին՝ վաճառվում են դեղատներում և նույնիսկ մասնագիտացված ինտերնետ-խանութներում: Դրանք մի շարք դրական կողմեր ունեն , օգնում են խնայել գումար ու նյարդեր: Սակայն արդյո՞ք արդյունքները վստահելի են, թե ոչ, թորք-ինչ անհատական է և կապված տվյալ իրավիճակի հետ: Ըստ արտադրողների՝ ճշգրիտ արդյունք ստացվում է 10-ից 9 դեպքում:
Ամենատարածված էքսպրես թեստը նախատեսված է հղիության ախտորոշման համար։ Հղիության էքսպրես թեստի աշխատանքի հիմքում խորիոնային հորմոնի մակարդակի բարձրացումն է, ինչը տեղի է ունենում հղիության ընթացքում: Սակայն, թեստի դրական արդյունք կարող է ստացվել նաև արգանդի որոշակի չարորակ գոյացությունների, չբերության դեմ որոշ դեղամիջոցներ ընդունելիս, վիժումից կամ հղիության արհեստական ընդհատումից հետո:
Հղիության դեպքում կեղծ բացասական արդյունք կարող է դիտվել սիրտ-անոթային համակարգի և երիկամների պաթոլոգիայի, նաև առատ պտղաջրերի պատճառով:
Գոյություն ունեն նաև ինֆարկտի ախտորոշման էքսպրես թեստեր։ Այս թեստերը կարող են հայտնաբերել սպեցիֆիկ կարդիոմարկերները, որոնց մակարդակը բարձրանում է օրգանիզմում սրտամկանի ինֆարկտի ժամանակ: Արդյունքը պարզ է դառնում 20 րոպեի ընթացքում:
ՄԻԱՎ-ի էքսպրես թեստ. Վերջինս հիմնված Է սպեցիֆիկ հակամարմինների հայտնաբերման վրա: Թեստն անցկացնում են սենյակային ջերմաստիճանում, արդյունքը ստացվում է 15 րոպեից: Կեղծ դրական արդյունք կարելի է նկատել, եթե հիվանդը ունի իմուն համակարգի լուրջ հիվանդություններ:
Ալերգիկ կոնտակտային դերմատիտի հայտնաբերում. Այս թեստը կատարում են ալերգիայի դադարի փուլում՝ սրացումից հետո։ Խորհուրդ է տրվում կիրառել հակաալերգիկ դեղերը դադարեցնելուց երեք օր հետո:
Մի քանի երիզների վրա տեղադրված են ամենատարածված 20 ալերգենները: Երիզը մաշկին անհրաժեշտ է կրել երկու օր, այնուհետև հեռացնել և կես ժամ անց վերլուծել արդյունքը:
Ալերգիկ ռեակցիայի առաջացման պատճառը կարելի է հասկանալ մաշկին մնացած բնորոշ հետքով,որը ճիշտ վերլուծել կարող է միայն մաշկաբանը:
Էքսպրես թեստեր օգտագործելիս, կարևոր է հետևել մի քանի պարզ կանոնի՝
թեստը պահել չոր,
երեխաների համար անհասանելի վայրում,
ընտրել ամենահարմար և տվյալ դեպքի համար արդյունավետ տարբերակը,
չշտապել և ժամանակին վերլուծել ստացված արդյունքը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։