01/03/2023 14:34
Կոռուպցիա կա բանակում, ոստիկանությունում, այլ մարմիններում. կոռուպցիայի դեմ պայքարում իշխանությունը կաղում է. Դանիել Իոաննիսյան (Տեսանյութ)
Կոռուպցիայի ընկալման համաթվում Հայաստանը նահանջել է. այս իշխանությունը ոչ միայն մեր պատկերացումներից, չափանիշներից է նահանջել, այլ նաև սեփական ուղենիշից է շեղվել, Aysor.am-ի «Հարցեր կան» հաղորդմանն ասել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։
«2018 թվականի մայիսին Փաշինյանն ասում էր՝ բոլոր այն դատավորները, որոնց առնչությամբ ՄԻԵԴ որոշում կա, որոնք խախտել են արդար դատաքննության իրավունքը, չպետք է պաշտոնավարեն, բայց ինչպես տեսանք Մնացական Մարտիրոսյանին վերապահվեց Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահությունը», - նշել է նա։
Իոաննիսյանը դատապարտելի է համարում ոստիկանների՝ երկու փաստաբաններ ծեծելու միաջադեպը՝ ընդգծելով՝ վերջին տասնհինգ տարում նման անթույլատրելի միջադեպ որևէ իրավապաշտպան չի հիշում։
«Մերժելի է նաև կուսակցականացված մարդուն կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ նշանակելը։ Երբ կուսակցականին նշանակում ես ԿԸՀ նախագահ, հանրության մեջ տպավորություն է ստեղծվում, որ ընտրությունների մրցավարներին առել են, խաղը ծախել», - ասել է նա։
Այս իշխանության ձեռքբերումներից Իոաննսիյանը համարում է քաղաքացիական հասարկությանը մեծ տեղ տալը, ձայնը լսելի դարձնելը. «Քաղհասարակությունը հիմա շատ ավելի ակտիվ է, քան նախկինների օրոք. նախորդ իշխանությունների ժամանակ քաղաքացիական հասարակության ձայնը չէր լսվում, որևէ հեռուստատեսությամբ քաղհասարակության ներկայացուցիչ չէիք տեսնի, ինչպես նաև չէիք տեսնի, որ իշխանությունը քաղհասարակության ներկայացուցիչների առաջարկներն ընդուներ, բանավեճերի, քննարկումների հրավիրեր»։