01/03/2023 17:48
Կաշառքն էլ են հանուն հայրենիքի վերցնում. երկար տարիներ Հայաստանի կոռուպցիան բացատրվում էր նրանով, որ «բանակ ենք պահում». Նիկոլ Փաշինյան
Կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանի համար սկզբունքային նշանակություն ունեցող հարց է, Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք որևէ կերպ այդ պայքարում մեր ջանքերը չենք թուլացնելու», - վստահեցրեց նա:
Ինչ վերաբերում է կոռուպցիոն դրսևորումների վերաբերյալ ընդդիմության կողմից հրապարակված փաստերին, ապա այդ փաստերով, Նիկոլ Փաշինյանի խոսքով, հետաքրքրվում են իրավապահ մարմինները:
«Պետք է վստահեցնեմ, որ չի կարող լինել կոռուպցիոն որևէ դեպք, որի քննությունը պատշաճ ընթացք չի ստանա: Որ ասում եք՝ համակարգային, համակարգային, ամենակարևոր բանը դա է՝ բացառված է, որ լինի կոռուպցիոն դեպք ու այդ դեպքը պատշաճ մակարդակով քննության չառնվի», - ասաց նա:
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ կոռուպցիան առաջին հերթին կապվում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, դատական և այլ համակարգերի հետ, ու իր դիրքորոշումը շարունակում է մնալ շատ հստակ՝ հանրային կառավարման ոլորտում պետք է աշխատավարձերի էական բարձրացում տեղի ունենա:
«Չի լինում, որ մենք մի կողմից ասենք՝ եկեք պայքարենք կոռուպցիայի դեմ, ասենք, որ պետական մարմինները որակյալ ծառայություններ մատուցեն ու ասենք, որ, օրինակ, նախարարություններում պետք է լինի 90 կամ 110 հազար դրամով աշխատող մասնագետ, ու ակնկալենք, որ գործերը արագ ու լավ որակով ընթանան: Այս առումով մենք 2018 թվականին ընդունված հակակոռուպցիոն ռազմավարություն իրականացրել ենք ու հիմա նոր ռազմավարության մշակման փուլում ենք գտնվում», - ասաց ՀՀ վարչապետը:
Փաշինյանն ասաց, թե «կաշառքն էլ են հանուն հայրենիքի վերցնում»:
«Երկար տարիներ Հայաստանի կոռուպցիան բացատրվում էր նրանով, որ «բանակ ենք պահում, առաջնագիծ, զենք-զինամթերք և այլն», հետո տեսանք, թե ինչ է լինում», - նշեց նա:
Նիկոլ Փաշնյանը հավելեց, թե «ոմանք, հանուն հայրենիքի, ընդդեմ պետության են»: