01/03/2023 20:42
Ադրբեջանական կողմը Արցախի Մարտունու շրջանում կրակել է գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիների ուղղությամբ
Փետրվարի 28-ին ժամը 16:55-ի սահմաններում Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի 53-ամյա Ա. Ավանեսյանի կողմից Բերդաշեն գյուղի վարչական տարածքի «Ասֆալտեն տակ» կոչվող տեղամասում «Ջոնդեր» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելու ժամանակ հակառակորդի մարտական դիրքերից հրաձգային տարբեր տրամաչափի զենքերով կրակահերթեր են արձակվել տրակտորի ուղղությամբ, ինչի հետևանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները:
Այդ մասին հայտնում է Արցախի Հանրապետության ՆԳ նախարարությունը։
Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է նաև այսօր։
Մարտի 1-ին ժամը 14:00-ի սահմաններում, Բերդաշեն համայնքի 59-ամյա Ս. Վարդանյանի կողմից «Դավալա» կոչվող տեղամասում, իր կողմից շահագործվող «Բելառուս» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելու ժամանակ, հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զինատեսակներից կրակահերթ է արձակվել տրակտորի ուղղությամբ, որն էլ պատճառ է հանդիսացել գյուղատնտեսական աշխատանքների դադարեցման:
Ոստիկանության Մարտունու շրջանային բաժնում նյութեր են նախապատրաստվել և ներկայացվել ռուսական խաղաղապահ զորակազմին։