01/03/2023 21:04
«ԱՄՆ-ին կոչ ենք անում դադարեցնել կորոնավիրուսի առաջացման հարցը քաղաքականացնելը»․ Չինաստան
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել չքաղաքականացնել կորոնավիրուսի առաջացման հետ կապված հարցը, այն չդարձնել «քաղաքական մանիպուլյացիաների» առարկա։ Այդպիսի հայտարարությամբ հանդես է եկել Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը։
Արձագանքելով ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավար Քրիստոֆեր Ռեյի հայտարարությանը, ըստ որի ԱՄՆ-ն համավարակի առաջացման ամենահավանական պատճառ է համարում Ուհանի լաբորատորիայից արտահոսքը, Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է․ «Չինաստանը կտրականապես դեմ է քաղաքական մանիպուլյացիայի ցանկացած դրսևորմանը, որն այս դեպքում արտահայտվում է կորոնավիրուսի ծագման հարցի քողի ներքո»։
Մաո Նինի խոսքով՝ այն, որ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն զբաղվում է գիտական հարցերով, արդեն իսկ նշանակում է, որ կորոնավիրուսի ծագման հարցը քաղաքականացվում է։
«Ամերիկյան կողմին կոչ ենք անում հարգել գիտությունն ու փաստերը, դադարեցնել կորոնավիրուսի ծագման հարցը քաղաքականացնելը»,- ասել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։