01/03/2023 20:08
Համաշխարհային սպորտի զարգացումն անհնար է առանց Ռուսաստանի․ ՌԴ սպորտի նախարար
Ռուսաստանը չի խզում կապն համաշխարհային սպորտի օղակների հետ և հույս ունի մասնակցել 2024 թվականին Փարիզում կայանալիք օլիմպիական խաղերին, հայտարարել է ՌԴ սպորտի նախարար Օլեգ Մատիցինը։
«Մենք չենք խզում մեր հարաբերությունները միջազգային սպորտում, շարունակում ենք մեզ համարել համաշխարհային սպորտի կարևոր մի մասը և բազմիցս ենք ասել, որ սպորտի արդյունավետ զարգացումն անհնար է առանց Ռուսաստանի՝ չնայած մեր դեմ կիրառված պատժամիջոցներին»,- ասել է Օլեգ Մատիցինը։
«Իհարկե, հուսով ենք, որ մեր մարզիկները կմասնակցեն միջազգային մրցումներին և օլիմպիական խաղերին»,- հավելել է նա։
ՌԴ սպորտի նախարարի խոսքով՝ անհրաժեշտ է պահպանել երկխոսությունը միջազգային սպորտային կառույցների հետ, գտնել դրա նոր ձևաչափեր։
Նշենք, որ 2022-ի փետրվարին ՄՕԿ-ը միջազգային մրցաշարերից ռուս և բելառուս մարզիկների մասնակցությունը բացառելու հորդոր էր ուղղել միջազգային մարզական ֆեդերացիաներին, որոնց մեծ մասն ականջալուր էր եղել դրան։ ՄՕԿ-ը նաև որոշում էր ընդունել՝ չանցկացնել միջազգային մրցաշարեր Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի տարածքներում։