02/03/2023 18:33
Կոնաձև գեղձը՝ որպես ներզատական համակարգի բաղկացուցիչ մաս
Կոնաձև գեղձը կամ էպիֆիզը գլխուղեղում տեղակայված շատ փոքր գեղձ է, որն, ինչպես հուշում է անունը, արտաքին տեսքով նման է կոնի:
Կոնաձև գեղձը համարվում է ներզատական համակարգի մաս, քանի որ արտադրում է մելատոնին հորմոն:
Մելատոնինն օգնում է օրգանիզմին հետևյալ երկու գործընթացներում՝
Քնի ապահովում
գիշեր-ցերեկ ցիկլի վերհսկում
Մելատոնինի մակարդակը սովորաբար հասնում է իր ամենաբարձր կետին օրվա այն ժամերին, երբ մարդը պատրաստվում է գիշերային քնին, և նվազում է ցերեկվա ժամերին:
Մելատոնինը նաև ազդում է կանանց պտղաբերությանը նպաստող և դաշտանը կարգավորող հորմոնների վրա:
Էպիֆիզի հետ կապված հիվանդություններ
Էպիֆիզի հետ կապված հիվանդությունները խիստ հազվադեպ են հանդիպում: Սակայն էպիֆիզի ուռուցքները կարող են առաջացնել տեսողության խանգարումներ, գլխացավեր, սրտխառնոց կամ ցնցումներ:
Ելնելով այն հանգամանքից, որ մելատոնին հորմոնը կարևոր է քնի համար, երբեմն մարդիկ իրենց քնի հետ կապված խնդիրները մեղմացնելու համար սկսում են ընդունել մելատոնինի հավելումներ: Նման իրավիճակ կարող է առաջանալ, երբ ինչ-որ մեկը մեկնում է իր բնակավայրից զգալի տարբերվող՝ «նոր» ժամային գոտի կամ աշխատում է գիշերային հերթափոխով: Որոշ մարդիկ էլ մելատոնինի հավելումների օգնությամբ փորձում են բուժել իրենց անքնությունը:
Փաստն այն է, որ մինչ օրս մելատոնինն իր գործառույթներով ավելին է անում, քան ընդունված է համարել. մելատոնինի մասին շատ բան չգիտենք և պահանջվում են լրացուցիչ հետազոտություններ, որպեսզի պարզաբանվի այս հորմոնի ազդեցության բոլոր ոլորտները:
Մելատոնինի հավելումներ ընդունելու մտադրության դեպքում, նախ այդ մասին անհրաժեշտ է զրուցել համապատասխան բժշկի հետ, քանի որ քնի խանգարումները կարող են լինել տարբեր բնույթի և դրսևորված անքնությունը կարող է կապված լինել որևէ այլ պատճառի հետ:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։