02/03/2023 21:12
Նյարդամկանային համակարգ․ Ինչպես է այն գործում և որոնք են ախտահարող հիվանդությունները
Նյարդամկանային (նեյրոմուսկուլյար) համակարգը ներառում է մարմնի մկանները և դրանք գործի դնող նյարդերը:
Մարմնի ցանկացած շարժում պահանջում է գլխուղեղի և մկանների միջև հաղորդակցություն: Նյարդային համակարգն ապահովում է մտքերի և գործողությունների միջև փոխկապվածությունը: Այս համակարգով ուղեղից դեպի մկաններ և հակառակ ուղղությամբ նյարդային ազդանշանները հաղորդվում են այնքան արագ, որ դրանք նույնիսկ նկատելի չեն լինում:
Միասին գործելով նյարդերն ու մկանները կազմում են նյարդամկանային համակարգը, որը թույլ է տալիս մարմինը կամ դրա առանձին մասերը տեղաշարժել: Այս համակարգի օգնությամբ կատարվում են նաև ակամա գործողություններ՝ օրինակ շնչառությունը:
Նույն և տարբեր խմբերի բազմաթիվ մկանաթելերի ներդաշնակ կծկումներով էլ ապահովվում է տարբեր մկանների համահունչ կծումը և մարմնի շաժումը:
Բազմաթիվ տարբեր հիվանդություններ կարող են ազդել նյարդամկանային հաղորդականության վրա և ախտահարել համակարգը: Ընդունված է այս ախտահարումներն առանձնացնել որպես նյարդամկանային հիվանդություններ:
Նյարդամկանային ամենահայտնի հիվանդություններից են՝
նեյրոպաթիաները (նյարդերի հետ կապված խնդիրներ), օրինակ՝ շարժիչ նեյրոնների հիվանդություն,
միոպաթիաները (մկանների հետ կապված խնդիրներ), օրինակ՝ մկանային դիստրոֆիա,
նյարդամկանային աուտոիմուն հիվանդությունները, օրինակ՝ միասթենիա գրավիս կամ ցրված սկլերոզ:
Նյարդամկանային որոշ հիվանդությունների ժամանակ ախտահարված կամ վնասված նյարդերը ազդակները չեն տեղափոխում գլխուղեղից դեպի մկաններ: Այլ դեպքերում ախտահարվում են մկանները և վերջիններս չեն ստանում շարժիչ նեյրոններից եկող ազդանշանները կամ չեն կարողանում ստացված ազդանշաններին համարժեք պատասխանել տալ:
Երկու դեպքում էլ մարդու մոտ կարող են զարգանալ այնպիսի գանգատներ, ինչպիսիք են՝ հոգնածության զգացում, մկանային թուլություն, մկանացավ, մկանային ջղաձգումներ և այլն: Այս ախտանիշներն ավելի հանդիպում են վերջին և ստորին վերջույթներում, քան մարմնի այլ շրջաններում:
Ծանր դեպքերում նյարդամկանային հիվանդությունները կարող են բերել կլման ակտի, խոսքի և շնչառության հետ կապված դժվարությունների:
Նյարդամկանային հիվանդությունների բուժումը գլխավորապես ուղղված է գանգատների մեղմացմանը և կյանքի որակի բարելավմանը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։