02/03/2023 19:53
Փոքր կոնքի օրգանների բորբոքային հիվանդություն. Ախտանշաններ և բուժում
Փոքր կոնքի օրգանների բորբոքային հիվանդությունը կանանց վերարտադրողական օրգանների վարակ է:
Այն ամենից հաճախ առաջանում է, երբ սեռական ճանապարհով փոխանցվող բակտերիաները տարածվում են դեպի արգանդ, արգանդափողեր կամ ձվարաններ: Հիվանդությունը տարածված է սեռական կյանքով ապրող 20-24 տարեկան կանանց շրջանում, հատկապես, երբ անտեսվում են անվտանգ հարաբերության կանոնները։
Հիվանդության մյուս անվանումներն են «կոնքի բորբոքային հիվանդություն» կամ «կոնքի բորբոքային խանգարում»։
Այս հիվանդությունը սովորաբար բուժվում է հակաբիոտիկներով և տևում առնվազն 14 օր։
Փոքր կոնքի օրգանների բորբոքային հիվանդության գանգատներն ու ախտանիշները կարող են լինել մեղմ և դժվար ճանաչելի: Որոշ կանայք չեն զգում որևէ գանգատ կամ ախտանիշ, հատկապես, եթե վարակի պատճառը քլամիդիան է։ Արդյունքում, հիվանդը կարող է չիմանալ խնդրի մասին՝ մինչև հղիանալու հետ կապված դժվարություններին առնչվելը կամ կոնքի շրջանում քրոնիկ ցավ զգալը:
Գանգատներն ու ախտանիշները , սովորաբար ներառում են՝
ցավեր՝ սկսած թեթևից մինչև ուժեղ, որովայնի ստորին հատվածում և կոնքում,
անսովոր կամ առատ արտադրություն, որը կարող է ուղեկցվել տհաճ հոտով,
արյունահոսություն, հատկապես սեռական հարաբերության ընթացքում կամ դրանից հետո, դաշտանների միջև ընկած ժամանակահատվածում,
ցավ սեռական հարաբերության ժամանակ,
ջերմություն, դող և սարսուռ,
ցավոտ և դժվար միզարձակում:
Անհրաժեշտ է անհապաղ դիմել բուժօգնության, եթե զգում եք՝
ուժեղ ցավ ցածր որովայնում,
սրտխառնոց և փսխում,
տենդ՝ 38,3 C-ից բարձր ջերմաստիճանով։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։