02/03/2023 17:40
Մեծ բանակ է կանգնած Ամուլսարի հանքավայրի շահագործման ծրագրի դեմ. այն շատ բարձր անվտանգային ռիսկ է ներկայացնում. Բնապահպան
Իրավապաշտպան և բնապահպանական մի շարք հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել՝ ՀՀ կառավարությունից պահանջելով հրաժարվել Ամուլսարի հանքավայրի շահագործման ծրագրից։
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանն ասաց, թե իրենց հետագա գործողությունները կախված կլինեն իրավիճակից։
«Այդ հուշագիրը ստորագրած անձինք քարոզարշավ են սկսել բնապահպանական հասարակական կազմակերպությունների դեմ, բայց նրանք պետք է հասկանան, որ հայտարարությունների տակ ստորագրում են ոչ միայն բնապահպանակական ՀԿ-ները, այլև հանրության լայն շերտերը, քանի որ Ամուլսարի ծրագիրը պարունակում է ոչ միայն բնապահպանական ռիսկեր, այլև անվտանգային: Այս ռիսկերը հաշվի չեն առնվել որոշում կայացնելիս», -ասաց Ինգա Զարաֆյանը։
Նրա խոսքով՝ այժմ Ամուլսարի ծրագրի դեմ շարժումը նոր թափ է հավաքում, քանի որ կան շատ լուրջ հիմնավորումներ այս ծրագրի վտանգավոր լինելու մասին:
«Եթե Ամուլսարը շահագործվի, ապա անվտանգության աստիճանը կիջնի։ Ծրագրի տարածքում պետք է կուտակվեն հազարավոր տոննաներով լցակույտեր, որոնք տոքսիկ նյութեր են պարունակում: Ռազմական գործողությունների արդյունքում կթունավորվի ոչ միայն Ջերմուկի տարածքը, այլև Սյունիքի, Վայոց ձորի, Արարատի տարածքները, Սևանա լիճը:
Պնդումները, որ Ամուլսարի ծրագրի իրականացումը և միջազգային ներդրումների ներգրավումն անվտանգության երաշխիք են, անհիմն են և մանիպուլիացիոն բնույթ են կրում: Մենք ունենք Սոթքի հանքավայրի օրինակը. այնտեղ արդեն փաստացի կա միջազգային ներդրում, սակայն այն ոչ մի կերպ պաշտպանված չէ, և տեսնում ենք, թե ինչպես է պարբերաբար ռմբակոծվում Ադրբեջանի կողմից» , - ասաց Ինգա Զարաֆյանը։
Նա կրկին ընդգծեց՝ կառավարության և «Լիդիանի» հիմնավորումները հավատ չեն ներշնչում:
«Նրանց ներկայացրածը միայն խոստումներ են, ոչ մի հիմնավորում, ոչ մի փաստ չի բերվում, որի վրա կարելի է հենվել և ասել, թե այդ ծրագիրը կարող է օգտակար լինել մեզ համար: Իսկ ռիսկերի մասին մեր հիմնավորումների վերաբերյալ դեռ փաստահեն առարկություններ չեն եղել»,- ասաց Ինգա Զարաֆյանը։
Բնապահպանը նշեց, թե ՀԿ-ների տարածած հայտարարությունից հետո հանրությունը սկսել է արձագանել և միանալ հայտարարությանը:
«Մեծ բանակ է կանգնած այս ծրագրի դեմ։ Պատճառներն, իհարկե, տարբեր են, բայց հիմնականն այն է, որ այն շատ բարձր անվտանգային ռիսկ է ներկայացնում»։