02/03/2023 09:52
«Հրապարակ». Փաշինյանն ու իր թիմը Արցախի թեման սահուն ջնջում են ներհայաստանյան օրակարգից
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը Արցախի թեման սահուն ջնջում են ներհայաստանյան օրակարգից։ Երեկ ԱԺ-կառավարություն հերթական հարցուպատասխանի ընթացքում, որին ընդդիմադիրները կրկին չէին մասնակցում, ընդամենը մեկ հարց է եղել Արցախին առնչվող։
Պատգամավոր Էմմա Պալյանը հետաքրքրվել է խաղաղության պայմանագրի ճակատագրից, ավելի կոնկրետ Հայաստանի կողմից Ադրբեջանին ներկայացված առաջարկների ճակատագրից, որին ի պատասխան՝ Փաշինյանն ասել է, որ մեր ուղարկած տարբերակին Ադրբեջանը դեռ չի արձագանքել։
Փոխարենը` շուրջ մեկուկես ժամ քննարկել են ժողովրդագրական, ոստիկանական բարեփոխումների, կրթական, առողջապահական ոլորտի հարցեր, մինչև անգամ աղջիկ երեխաների աբորտն արգելելու հարցերը»։