02/03/2023 11:59
Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան ինձ ասել է, որ Փաշինյանը բանակցում է «Արցախը Ադրբեջանի կազմում» տրամաբանության մեջ. Մամիջանյան (Տեսանյութ)
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց, թե Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի պլենար նիստում իր ելույթից հետո եվրոպացի բավական բարձրաստիճան մի պաշտոնյա ասել է, թե Նիկոլ Փաշինյանը վաղուց արդեն որևէ բանակցություն չի տանում Արցախի կարգավիճակի վերաբերյալ։
«Եվրոպացի բավական բարձրաստիճան պաշտոնյա իմ ելույթից հետո, որը վերաբերում էր Արցախի կարգավիճակին, ինքնորոշման իրավունքին, մեր հետ հանդիպման ընթացքում ուղիղ տեքստով ասաց. «Պարո՛ն Մամիջանյան, մենք ձեր դիրքորոշումները գիտենք, բայց դրանք այս պարագայում ռելևանտ չեն, որովհետև Նիկոլ Փաշինյանը վաղուց արդեն որևէ բանակցություն չի տանում Արցախի կարգավիճակի վերաբերյալ, և բանակցային տրամաբանությունն ամբողջապես հիմնված է Ադրբեջանի կազմում՝ Արցախի հետագա ապագայի վրա»», - պատմեց Մամիջանյանն՝ ասելով, թե եթե որևէ մեկը հանդգնի հերքել իր ասածը, թող պատրաստ լինի, որ անուններ կարող են հնչել։
Մամիջանյանն ասաց, թե հանդիպմանը եղել են նաև այլ պատգամավորներ։
«Սա է իրողությունը, ու տարբեր տրամաչափի անվտանգային երևույթներ, նկատի ունեմ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին, որոնք փորձում են հերքել բանակցությունների վերաբերյալ Արմեն Աշոտյանի ներկայացրած փաստաթուղթը, թող գնան ու փորձեն սա հերքել։ Իսկ սա հերքել հնարավոր չէ, որովհետև հանդիպմանը ներկա են եղել նաև այլ մարդիկ», - ասաց Հայկ Մամիջանյանը։