02/03/2023 15:24
Պատերազմ հրահրող Ադրբեջանի հռետորաբանությունը խաթարում է Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի ջանքերը. Հակոբ Արշակյան
Հայաստանը բարձր է գնահատում Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը, որում ընդգծվում է, որ ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս բերվեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից, Դելիում «Ռաիսինա երկխոսություն 2023» 8-րդ համաժողովի շրջանակում Հնդկաստան-Հայաստան երկխոսություն համաժողովում ասել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանը։
«Բարձր ենք գնահատում Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը, որում ընդգծվում է, որ ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս բերվեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից, եւ հնդկական կողմի հնչեցրած դատապարտումը՝ կապված անցյալ տարվա սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ սանձազերծված ագրեսիայի եւ դեկտեմբերից Լաչինի միջանցքի շրջափակման հետ:
Բարձր ենք գնահատում նաեւ Հնդկաստանի շարունակական աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը:
Ադրբեջանական զինված ուժերը շարունակում են մնալ Հայաստանի ինքնիշխան տարածքում, եւ, ի լրումն արդեն իսկ առկա դժվարությունների, ներկայումս մենք բախվում ենք Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի, որն առաջացել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման, Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտումների ենթարկելուն ուղղված Ադրբեջանի քաղաքականության, շարունակական սադրանքների, ինչպես նաեւ Հայաստանի ինքնիշխան տարածքի ձգտումների: Պատերազմ հրահրող հռետորաբանությունը, Ադրբեջանի մաքսիմալիստական նկրտումները եւ ագրեսիվ գործողությունները խաթարում են Հարավային Կովկասում կայունության եւ խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի ջանքերը»,- փաստել է Հակոբ Արշակյանը:
ՀՀ ԱԺ փոխխոսնակը նշել է, որ Հնդկաստանը գլոբալ եւ տարածաշրջանային կայունության կարեւոր հենարան է, որն իրավամբ ձգտում է ավելի մեծ դերակատարություն ունենալ միջազգային ասպարեզներում:
Հայաստանը սատարում է Հնդկաստանին՝ բարեփոխումների ընթացիկ ծրագրի շրջանակներում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում մշտական անդամություն ստանալու հարցում:
«Հայաստանը գնահատում է Հնդկաստանի հավասարակշռված եւ կայունացնող դիրքորոշումը գլոբալ ցնցումների այս ժամանակներում: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հնդկաստանի հաջող նախագահությունն այս ուղղությամբ վառ օրինակ է, եւ մենք հուսով ենք, որ G-20-ում եւ Շանհայի համագործակցության կազմակերպությունում Հնդկաստանի շարունակական նախագահությունը նույնքան ներդրում կունենա տարածաշրջանային եւ համաշխարհային խաղաղության եւ կայունության մեջ»,- ասել է Հակոբ Արշակյանը: