04/03/2023 19:42
Որոշ տղամարդիկ երեխայի ծնվելուց առաջ կամ հետո ունենում են դեպրեսիա․ հետազոտություն
Հայտնի փաստ է, որ աշխարհում նորաթուխ շատ մայրեր առնչվում են հետծննդաբերական դեպրեսիայի հետ, փորձում գտնել լուծումներ և շտկել իրավիճակը։ Բայց քչերին է հայտնի, որ նման դեպրեսիա ունենում են նաև տղամարդիկ՝ փոքր ինչ այլ արտահայտմամբ։
Վերջերս Ամերիկայում իրականացված հետազոտության համաձայն՝ հայրերի 10%-ը երեխայի ծնվելուց առաջ կամ հետո ունենում է դեպրեսիա: Բոլորը գիտեն, որ կանանց հորմոնները հաճախ են փոփոխվում հղիության ընթացքում և դրանից հետո: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հորմոնների փոփոխություն տեղի է ունենում նաև հայրերի մոտ:
Սակայն մեղքը բարդել միայն հորմոնների վրա, սխալ է: Շատ տղամարդիկ սովոր են իրենց կողակցի ուշադրությանը, որը փոխվում է, երբ ծնվում է երեխան: Եվ եթե մայրերը կապվում են երեխայի հետ շատ արագ, ապա հայրերի դեպքում կարող է ժամանակ պահանջվել: Հայրերը, այսպես ասած, իրենց երրորդական են զգում այդ ընթացքում: Հայրերի մոտ դեպրեսիայի առաջացման պատճառներից է նաև ճնշումը, որը նրանք զգում են երեխայի հետ կապված ծախսերի պատճառով: Նորաթուխ ծնողները հիմնականում ունենում են քնի և սեռական կյանքի պակաս, ինչը չի կարող չանդրադառնալ նրանց տրամադրության վրա:
Դեպրեսիայի նախանշանները տարբեր են կանանց և տղամարդկանց մոտ: Սակայն տղամարդկանց մոտ հաճախակի հանդիպող նշաններից են՝
բարկություն, ագրեսիա,
հետաքրքրության նվազում աշխատանքի կամ սիրելի զբաղմունքի նկատմամբ,
անընդհատ աշխատելու ցանկություն,
տխրության զգացողություն, հուսահատություն,
միայնակ մնալու ցանկություն։
Հետծննդյան դեպրեսիան կարող է դրսևորվել բոլորովին այլ կերպ և ազդել ինչպես մարդու էմոցիաների, այնպես էլ նրա ֆիզիկական վիճակի վրա։ Հայրը կարող է զգալ դեպրեսիա, ապատիա, մեղքի զգացում, խանդ: Նրան բնորոշ են նաև ագրեսիայի դրսևորումները։ Նա կարող է հեռանալ ընտանիքից և իրեն իռացիոնալ պահել։
Ըստ հոգեբանների, հետծննդյան դեպրեսիա ունեցող տղամարդը ամեն ինչ անում է մեխանիկորեն։ Նա կորցնում է ինչ-որ բան անելու նախաձեռնությունը։ Նա ցանկանում է մեկուսանալ հասարակությունից, քաշվում է իր մեջ, չի կատակում, ոչ մի տեղ չի գնում, տրամաբանորեն չի մտածում, կարեկցանք չի ցուցաբերում։ Նրա համար դժվար է ընդունել այլ մարդու տեսակետը։ Հոգեբանական խանգարում ունեցող մարդը կորցնում է ախորժակը, ի հայտ են գալիս քնի հետ կապված խնդիրներ, նվազում է լիբիդոն։
Լիարժեք դեպրեսիան դեպրեսիվ դրվագից տարբերվում է իր տևողությամբ և ինտենսիվությամբ: Եթե դրվագը կրկնվում է մի քանի անգամ, արժե մտածել խանգարման արտաքին պատճառների և դրանց վերացման ուղիների մասին։ Եթե դեպրեսիայի, ապատիայի և գրգռվածության վիճակը տևում է մեկ ամսից ավելի, դա կարող է լինել դեպրեսիայի նշան: Երբ այդ շրջանը հասնում է մինչև երեքից վեց ամսի, ապա պետք է դիմել մասնագետի՝ հոգեթերապևտի, նյարդաբանի կամ էնդոկրինոլոգի:
Ի դեպ, մասնագետներն այն կարծիքին են, որ տղամարդիկ, որոնք նախկինում ունեցել են դեպրեսիա, առավել հակված են հետծննդաբերական դեպրեսիայի սուր դրսևորման:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։