04/03/2023 13:26
Նախկինում հայրենիքս չէին վաճառում. սա այն մարդկանց համար, որոնք կասեն՝ ինչու նախկինում այսքան չէիր խոսում. Դավիթ Սարգսյան
Իշխանությանը քննադատող լրագրողներին հաճախ են թիրախավորում՝ ինչու նախկինում այսքան չէիք խոսում. պատասխանը հստակ է՝ նախկինում հայրենիքս չէին վաճառում, իսկ մինչև 2018 թվականի ապրիլ իմ հաղորդումների մեծ մասը հասանելի է, կարող են դիտել,- «Հարցեր կան» հաղորդմանն ասել է լրագրող Դավիթ Սարգսյանը:
«էս լրագրողներն անընդհատ խոսում են». ամենազավեշտալի մեկնաբանություններից է։ Լրագրողների գործը խոսելն է, ոչ թե ինչպես հաճախ պարզունակ ձևով գրում են՝ զենք վերցնել, սահման գնալը, հատկապես, որ լրագրողներին սահման ուղարկողներն այդ սահմանի տեղն էլ չգիտեն:
Դավիթ Սարգսյանի գնահատմամբ՝ հետճշմարտության ժամանակներում լրագրողների աշխատանքը առավել բարդացել է․ ովքեր են Հայաստանում ամենաշատ հետևորդներ ունեցող մեդիադեմքերը, նրանք լրագրողներ չեն, բայց թույլ են տալիս քաղաքական բովանդակություն ստեղծել։ Նրանցից յուրաքանչյուրի մասնագիտական պատրաստվածությունը խիստ կասկածելի է:
«Խորհրդային տարիներին կար կատակ ադրբեջանցիների մասին, երբ մի ադրբեջանցի գրողի հարցնում են՝ ինչ ես կարդում, ասում է՝ ես կարդացող չեմ, ես գրող եմ, հիմա մեզ մոտ է այդպես. մարդիկ համարում են, որ ֆեյսբուքյան գրառումները, տելեգրամ ալիք բացելը մի քանի տասնյակ հետևորդով լուրջ մեդիակոնտենտ արտադրել է, իրենք էլ ուղեղային կենտրոն են»:
Ըստ լրագրողի՝ այդպիսիք վնասում են ընդդիմադիր պայքարի տրամաբանությունը, օգնում իշխանությանը, որովհետև ստեղծած բովանդակությունը խիստ քաղաքականացված է՝ մոտիվացիան ապագայի իշխանությունում տեղ ունենալն է. ուստի՝ մարտերն ավելի շատ ներսում են լինում։ Իրենց պայքարը ոչ թե այս վարչախմբին հեռացնելու համար է, այլ՝ իշխանության:
Հարցին, թե ինչու իշխանության ներկայացուցիչներ չեն հրավիրվում իր հաղորդումներին, պատասխանում է՝ ի՞նչ պետք է նրանք ասեն իմ եթերից․ ինչ ասում են ազգային ժողովում, կառավարության նիստերում, բավարար է հասկանալու համար նրանց դիրքորոշումը:
«Չեմ կարող հանդուրժել որևէ հյուրի, որ պիտի եթերում փորձի համոզել, որ Քարվաճառը հայկական չէ. իրենք ինձ չեն կարող համոզել, ես էլ իրենց։ Եթերում մարտեր առանց կանոնների չեմ ուզում բեմադրել»:
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում: