04/03/2023 14:14
Գների կարգավորման ամբողջ գործընթացին և պատասխանատուների աշխատանքին անձամբ եմ հետևելու. Արցախի պետնախարարը խորհրդակցություն է հրավիրել
Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը մարտի 3-ին հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված շրջափակման պայմաններում տնտեսվարող սուբյեկտների կողմից իրացվող ապրանքների գնագոյացմանն ու գնաճին:
«Արցախը տևական ժամանակ է գտնվում է շրջափակման մեջ և հումանիտար օգնություն ստանալու միջոցով մի կերպ կազմակերպվում է բնակչության նվազագույն պարենային խնդիրների լուծումը։ Տնտեսությունը կազմաքանդումից զերծ պահելու համար տնտեսվարող սուբյեկտներին հնարավորություն է տրվել իրականացնել որոշակի ապրանքների վաճառք։ Սակայն վերջին օրերին անձամբ ինձ և պետնախարարի աշխատակազմ քաղաքացիների կողմից բողոքներ են ստացվել ապրանքային շուկաներում անվերահսկելի վիճակի և չհիմնավորված թանկացումների վերաբերյալ: Մեր նախնական ուսումնասիրութուններից ելնելով, նշեմ, որ այդ բողոքները տեղին են և ԱՀ կառավարությունը պարտավոր է օպերատիվ արձագանքել առկա դժգոհություններին: Այս իրավիճակում հանրության մոտ օբյեկտիվորեն կարող է կարծիք ձևավորվել, որ պետությունը դիտավորյալ անգործություն է ցուցաբերում այս հարցում կամ մենք չունենք բավարար գործիքակազմ, որ այս հարցում ունենանք կարգավորիչ բավարար դերակատարություն»,- նշել է Գուրգեն Ներսիսյանը:
Պետնախարարը անթույլատրելի է համարել շրջափակման պայմաններում որոշ տնտեսվարողների կողմից ցուցաբերվող անպատասխանատու վարքագիծը, ինչի արդյունքում լուրջ վտանգներ է ստեղծվել հասարակության բևեռացման առումով: Նա ընդգծել է, որ հատկապես առկա ծանր պայմաններում բևեռացումը՝ հարուստի և աղքատի, հնարավորություն ունեցողի ու չունեցողի տարբերակումը, լուրջ հարված է հասցնում մեր ներքին կյանքին: Գուրգեն Ներսիսյանը նկատել է նաև, որ տպավորություն է ստեղծվում թե գնագոյացման ներկա պայմաններում պետությունը վնաս չի կրում, սակայն մոռանում ենք, որ անհիմն գնագոյացման արդյունքում ամենամեծ վնասը հասցվում է մեր քաղաքացիների գրպաններին, իսկ դա չի կարող չվնասել պետությանը:
«Շուկայական հարաբերությունների և հատկապես գների կարգավորման ամբողջ գործընթացը պետք է արագ բերենք իրավական դաշտ, որպեսզի չարամիտ տնտեսվարող սուբյեկտները պարտադիր ենթարկվեն տույժի: Միաժամանակ պետք է հասնել այնպիսի կարգավորումների, որպեսզի բարեխիղճ տնտեսվարողները որևէ կերպ չտուժեն, ավելին, մենք ունենանք նրանց խրախուսելու հնարավորություն: Պետության բացառիկությունը նրանում է, որ այն ունի պետական հարկադրանք կիրառելու իրավունք, բոլորին պետք է բերենք հավասարության դաշտ, իսկ հասարակությունը պետք է զգա, որ պետությունը լիարժեք իրականցնում է իր պարտավորությունը»,- շեշտել է պետական նախարարը:
Շուկայում իրացվող ապրանքի առավելագույն գինը պետք է սահմանի պետությունը, որը գերազանցող վաճառք իրականացնողը պետք է ենթարկվի պատասխանատվության։ Գուրգեն Ներսիսյանը խորհրդակցության մասնակիցներին ու պատասխանատուներին հանձնարարել է մեկ օրում նախագծել համապատասխան իրավական ակտը, այն ներկայացնել կառավարության հաստատմանը, որից հետո հարկ է արագ իրազեկել հանրությանն ու անցնել դրա կիրառումը ամենժամյա վերահսկելու գործին։
Պետական նախարարը պատասխանատուներին հայտնել է, որ անձամբ է հետևելու նրանցից յուրաքնաչյուրի կողմից իրենց գործառույթերի կատարման պատշաճությանը։