04/03/2023 20:16
Շրջափակման պատճառով Արցախի տնտեսությունը շարունակում է վնասներ կրել․ պետբյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը նվազել են
Արցախի պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ 2023 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում Արցախի Հանրապետության պետական բյուջե է մուտքագրվել 4,023.9 մլն դրամ հարկային եկամուտներ և տուրքեր, որը պլանավորված 5,300.0 մլն դրամ ցուցանիշի նկատմամբ թերակատարվել է 24,1 տոկոսով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 18.6 տոկոսով:
Թերակատարումները պայմանավորված են 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման հետևանքով տնտեսությունում ստեղծված իրավիճակով, մասնավորապես, մի շարք հարկ վճարողների գործունեությունների դադարեցմամբ, որի հետևանքով իրացման շրջանառություն և դրան համարժեք հարկային պարտավորություններ վերջիններիս մոտ չեն առաջացել և ըստ այդմ բյուջե չեն մուտքագրվել:
Արցախի տեղեկատվական շտաբից էլ հայտնում են, որ 755 տնտեսվարող սուբյեկտ (ընդհանուրի 17,7%-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է իր գործունեությունը, իսկ մնացած տնտեսվարողները գործում են մասնակի ծավալով կամ պետական աջակցությամբ։
Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով առնվազն 5,700 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը։
Ավելի քան 32,400 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմակատարարվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը: